Այսօր պետաիրավական հանձնաժողովը վերջնական եզրակացություն տվեց այն տարբերակին, որի անցումային դրույթները ենթադրում են, որ այսօր ընդունվելիք նախագծի եւ որեւիցե կարգավորում չի տարածվելու հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների վրա, ինչը, բնականաբար, խնդրահարույց է։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

«Ինքնին խնդրահարույց է դարձնում այս նախագիծը 24-ժամյա ռեժիմով ընդունելը։ 24-ժամյա ռեժիմով ընդունելը շատ տրամաբանական եւ հիմնավորված կլիներ, եթե նախագիծը կամ դրա որոշ կարգավորումներ տարածվեին 45 օր հետո նախատեսված ընտրությունների վրա։ Եթե չի տարածվում առաջիկա ընտրությունների վրա եւ առաջիկա ընտրությունները, որոնք վրա տարածվելու են, դա լինելու են աշնանը տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունները, ապա ընդհանրապես հիմնավորված չէ 24-ժամյա ռեժիմով ընդունելը, կարելի էր հանգիստ նստել, ու հնգիստ ռեժիմով քննարկել, կազմակերպել խորհրդարանական լսումներ, ի վերջո մայիսի 10-ին Խորհրդարանը չի լուծարվում, այն շարունակելու է գործել մինչեւ հաջորդ Խորհրդարանի գումարումը»,- ասաց նա։

Իոաննիսյանը մանրամասնեց, թե ինչ կարգավորումներ են հանվել նախագծից. «Օրինակ՝ քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված, քարոզարշավի կանոնակարգումների հետ կապված բազմաթիվ կարեւոր դրույթներ կան, որոնք ուղղակի նախագծից հանվել են։ Սա խնդրահարույց է, եթե շտապելու տեղ չունեինք առաջիկա ընտրությունների համար, հանգիստ քննարկեինք, հասկանայինք»։

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ այն փոփոխվող դրույթները, որոնք արդեն արվելու են, ունեն երեք խնդիր. «Այդ փոփոխությունները չեն տարածվելու առաջիկա ընտրությունների վրա, իսկ այդ փոփոխություններն ազդելու են ընտրությունների որակի վրա, այսինքն՝ կանխելու էին բազմաթիվ խնդիրներ ու խախտումներ։ Երկրորդն այն է, որ մի շարք կարգավորումներ դուրս եկան ընդհանրապես եւ ուժի մեջ չեն մտնի ոչ հիմա, ոչ հետո։ Երրորդ խնդիրն այն է, որ հրատապության ռեժիմով է քննարկվում եւ պատշաճ քննարկումների ժամանակ չմնաց»։

Նա նշեց, որ այդ նախագիծը ստացել էր Վենետիկի հանձնաժողովի, քաղհասարակության կողմից դրական արձագանք։

«Դուրս են եկել քարոզարշավի հետ կապված բազմաթիվ կարգավորումները, քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված բազմաթիվ կարգավորումները, որոնք ընտրությունների որակի վրա ազդելու էին, նվազեցնելու էին փողի ազդեցությունը, նվազեցնելու էին վարչական ռեսուրսի հետ կապված ռիսկերը»,- ասաց Իոսաննիսյանը։

Հարցին՝ արդյոք ինքը հարցրե՞լ է, թե ինչո՞ւ են հրատապ քննարկել այդ նախագիծը, Իոաննիսյանը պատասխանեց. «Ես հարցրել եմ, ինչ-որ պատասխաններ ստացել եմ, այդ պատասխաններն ինձ չեն գոհացրել»։

Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ իշխանությունները շահագրգռված չեն, որ վարչական ռեսուրսի հետ կապված կարգավորումները ուժի մեջ մտնեն. «Վարչական ռեսուրսի հետ կապված շատ կարգավորումներ ոչ միայն այժմ ուժի մեջ չեն մտնում, այլ ընդհանրապես նախագծից հանվել են»։

Նա նշեց, որ սա աննախադեպ իրավիճակ է. «Երբեւիցե Վենետիկի հանձնաժողովն այդքան դրական կարծիք չէր տվել Հայաստանի ընտրական ռեֆորմի մասին, ինչքան այժմ։ Այդպիսի դրական կարծիքի արժանացած նախագիծն ուղղակի շատ ուժեղ կրճատումների ենթարկվեց։ Ինձ թվում է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ ջենտլմենական հարաբերություններին հակասում է, որովհետեւ ուղարկում ու ասում ես՝ մտադիր եմ օրինակ՝ քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված կարգավորումները փոխել, Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ շատ լավ ես անում, վերջում չես ընդունում»։

Իոաննիսյանն ասաց, որ գործող ԸՕ-ով վարչական ռեսուրսի հետ կապված կանոնակարգումները շատ անհստակ են. «Եթե մենք գործող օրենսգրքով տեսնենք մի երեւույթ, փորձենք քննարկել՝ արդյոք այդ երեւույթը վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ է, թե՞ ոչ, չկա մի օրենք, որը մենք կբացենք ու կհասկանանք, որ այո, օրենքի համաձայն դա վարչական ռեսուրսի չարաշահում է, թե՝ ոչ»։

Նա որպես վարչական իրավախախտում օրինակ բերեց հանրային ծառայողների գործուղումը, որն այդ նախագծով արգելվում էր. «Այդ գործուղումների շրջանակում դե ֆակտո մեկտեղումը ինստիտուցիոնալ գործունեությամբ եւ նախընտրական քարոզչության գործունեությամբ։ Այդ արարքը նախագծով նախատեսվում էր արգելել, ավելին, նախատեսվում էր, որ դա դառնալու է վարչական իրավախախտում, դրա համար տուգանք էր սահմանվում. այդ կարգավորումները հանվել են»։