Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Արագածոտնի մարզում գտնվող Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։

ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն սկիզբ է առնում Մ-1 միջպետական ճանապարհից, հարում է Վերին Սասնաշեն համայնքին, անցնում է Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ համայնքներով և ավարտվում Մեծաձոր բնակավայրում։

Այս պահին կապալառու կազմակերպությունն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի վերականգնման, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ։ 

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում են նաև համայնքների ենթակառուցվածքները։ Մասնավորապես, այս ճանապարհի նորոգման ընթացքում կվերակառուցվի մոտ 250 մ ջրագիծ, կտեղափոխվեն էլեկտրական հաղորդալարեր, լուսավորության սյուներ, կտեղադրվեն լուսավորության նոր սյուներ։

Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհի նորոգումը կավարտվի այս տարի։ Հիմնական ճանապարհի երկարությունն է մոտ 9.13 կմ, կվերականգնվեն դեպի համայնքների հասարակական նշանակության օբյեկտներ տանող ևս 635 մ երկարությամբ ուղիներ։