Ոչ նախկիններին ենք սպասարկել, ոչ ներկաներին ենք սպասարկում, ոչ էլ ապագաներին ենք սպասարկելու։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։

Անդրադառնալով պաշտոնյաների կողմից դատավորներին քննադատելուն, երբեմն նաեւ թիրախավորելուն, եւ հարցին՝ արդյոք դա դատավորների անկախությանը վնասո՞ւմ է, դատարանի նախագահն ասաց.

«Բնականաբար ոչ մեկին դուրեկան չի, որ քննադատում են։ Քննադատությունը կարելի է ընդունել, եթե այն առողջ է։ Բայց հաճախ լսում ենք քննադատություններ, որոնք վերաբերում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, որոնք, իմ կարծիքով, թույլատրելի երեւույթներ չեն։ Թույլատրելի երեւույթներ չեն հատկապես պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Ասեմ, որ այդ քննադատությունները կամ անհարիր գնահատականներն իմ գործունեության վրա  չեն ազդում»։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, թե կա դատավորների ցուցակ, որոնք իշխանահաճո որոշումներ չեն կայացրել, եւ նրանց վերաբերյալ գործողություններ են նախապատրաստվում, այդ դատավորների մեջ են նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ, Ռշտունին պատասխանեց, որ չի կարող ասել՝ ցուցակ կա, թե՝ ոչ:

Անդրադառնալով այն հրապարակումներին, թե առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից «Մարտի 1»-ի գործով այժմ արդարացված Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին որոշումը գրել են երեք դատավորներ՝ Ռշտունին ասաց.

«Դատավոր Մխիթար Պապոյանի կողմից ներկայացվել էր հաղորդում այն հրապարակումների վերաբերյալ, թե իբր մենք՝ իմ ընկերական շրջապատը, որ դատավորներ են, մասնակցել են հանրապետության երկրորդ նախագահի դատական ակտը գրելու պրոցեսին՝ միջամտել ենք։ Դրա հետ կապված եղել են պրոցեսներ, արդեն իսկ ունենք մեր կոլեգաների կողմից բողոքարկված դատական ակտեր, ինչի արդյունքում պարզ է դառնում, որ մեր նկատմամբ եղել է որոշակի վերահսկողություն՝ օպերատիվ հետախուզական գործողություններ։ Այդ պրոցեսները, բնականաբար, ոչ մեկին հաճելի չեն, այդ թվում՝ ինձ։ Օրինակ՝ Դուք խարդախության մասին հաղորդում տաք, բայց Ձեր տանը խուզարկություն կատարեն։ Ես նորմալ չեմ գնահատում այդ պրոցեսը, հիմա իրավական ընթացակարգերի շրջանակներում ինչ-որ պրոցեսներ են ընթանում, ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա»։