ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի  քննությամբ պարզվել է, որ 2020թ հուլիսի 27-ին Զարթոնք գյուղի բնակիչներից մեկի և համայնքի ղեկավարի տեղակալի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որին մասնակից են դարձել նրանց ընկերները։

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ժամեր անց վիճաբանությունը վերսկսվել է, որի ընթացքում կողմերը միմյանց նկատմամբ կիրառել են փայտե մահակներ, երկաթյա ձողեր, ապակյա տարաներ, քարեր, ինչի արդյունքում նրանցից մեկին պատճառվել է ծանր, իսկ մի քանիսին՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ անձանցից մեկը 2020թ. հունվարի 3-ին նույնատիպ վիճաբանության է բռնվել հարևան գյուղի մի քանի այլ բնակչների հետ, որի ընթացքում նրանցից մեկին պատճառել է մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ միջադեպի 18 մասնակցի մեղադրանք է առաջադրվել, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ, իսկ մյուսների նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: