Իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չեն էլ կարող լինել։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանը։

Դատավորի խոսքով՝ ինքը հաստատված փաստ չգիտի, որ միջամտություն է եղել որեւէ դատական ակտի ընդունմանը։

Դիտարկմանը, թե երբ, օրինակ, կայացված դատական ակտերի վերաբերյալ հնչում են քննադատություններ, դա կարո՞ղ է դիտարկվել որպես ճնշում, Պետրոսյանն արձագանքեց․ «Պրոֆեսիոնալ դատավորի վրա որեւէ հայտարարություն չի կարող ազդել։ Դատավորը դատական ակտ է կայացնում՝ կիրառելով օրենքը, իսկ հայտարարություններն ուղղակի հայտարարություն են»։

Անդրադառնալով ԲԴԽ լիազորություններն ընդլայնող օրինագծին եւ այն հանգամանքին, որ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք եւս հնարավորություն կունենան ԲԴԽ դիմել՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, դատավորն ասաց, թե չի պատկերացնում՝ տեխնիկական առումով դա ինչպես կարող է լինել. «ԲԴԽ-ում նիստերը դռնբաց են, հայտնի հանգամանք է, որ դատարանները ծանրաբեռնված են, այսպես թե այնպես կողմերից մեկը միշտ դժգոհ է մնում, հետեւաբար, եթե բողոքարկման հնարավորությունն ավելի է լայնացվում, չեմ պատկերացնում՝ տեխնիկապես ինչպես դա պետք է լինի»։

Դատավոր Պետրոսյանը նշեց, որ ձեռնպահ կմնա գնահատական տալ՝ օրինագծի ընդունումը բովանդակային առումով ճի՞շտ է, թե՞ սխալ.

«Հնարավոր է՝ իրավիճակ լինի, որ ես այս կամ այն ձեւով ես առնչվեմ այդ օրենքի կիրառելիությանը, այդ պատճառով ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանել»,- նշեց նա։

Դատավորն ասաց, որ չի պատկերացնում նաեւ այն փոփոխությունը, թե ինչպես են կարողանալու մի դատավորից մեկ այլ դատավորի փոխանցել գործը. «Ես բոլոր գործերին նայում եմ նույն տեսանկյունից, չեմ տարբերակում բարդ եւ պարզ գործեր, որովհետեւ առաջին հայացքից պարզ գործը կարող է հետո այնպիսի բարդություններ ունենալ, որ որեւէ մեկը չէր կարող պատկերացնել»։