Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը մեկնաբանություն է տվել Յարոսլավլի շրջանում հայկական գերեզմանատան նկատմամբ կատարված վանդալիզմի ակտի կապակցությամբ:

«Ստացված տեղեկատվության համաձայն՝ Յարոսլավլի մարզի Յարոսլավլի շրջանի Կուրբա գյուղում անհայտ անձինք վանդալիզմի ակտ են կատարել հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ: Այդ սրբապղծության արդյունքում վնասվել է մոտ 50 գերեզմանաքար:

Մենք դատապարտում ենք վանդալիզմի ակտը Կուրբա գյուղի հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ:

Մենք կարծում ենք, որ այս հստակ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգեւոր արժեքների նկատմամբ եւ կարող է տարբեր հետեւանքների հանգեցնել՝ բացասաբար ազդելով միջէթնիկական ներդաշնակության պահպանմանն ուղղված ջանքերի վրա:
Վստահ ենք, որ Յարոսլավլի մարզի իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հանցագործներին հնարավորինս շուտ պատասխանատվության ենթարկելու համար: Այս կապակցությամբ մենք մշտական կապի մեջ ենք իրավապահ մարմինների եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Նման երեւույթները պետք է դատապարտվեն համապատասխան ձեւով՝ դրանց կրկնությունից խուսափելու համար»,- ասվում է դեսպանատան մեկնաբանության մեջ: