2014 թվականին Malaysia Airlines-ի անհետացած «Բոինգի» օդաչու Զախարիա Շախը մանրակրկիտ ծրագրել էր օդանավի կործանումը: Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով օդատիեզերական ինժեներ Ռիչարդ Գոդֆրիի հետազոտությանը:

Մասնագետի կարծիքով՝ մալայզիական օդանավի օդաչուն ծրագրել է թռիչքի հետագիծն այնպես, որ հստակ պատկերացում չտա, թե ուր է այն ուղեւորվում:

Գոդֆրին նշել է, որ օդանավի հետագիծը քարտեզի վրա կարելի է հետեւել Weak Signal Propagation (WSPR) գլոբալ ռադիոհամակարգի միջոցով, որը կարող է հայտնաբերել ինքնաթիռները, երբ դրանք հատում են ազդանշանները, «էլեկտրոնային ճանապարհային մալուխների» օգնությամբ: «WSPR-ը հիշեցնում է լազերային ճառագայթների ամբողջությունը, սակայն այդ դեպքում դրանք աշխատում են բոլոր ուղղություններով՝ հորիզոնից մինչեւ երկրագնդի հակառակ կողմը»,-նշել է մասնագետը:

Նա պարզաբանել է, որ անհետացած ինքնաթիռը հատել է ութ ճանապարհային մալուխ Հնդկական օվկիանոսի երկնքով թռիչք կատարելիս, ինչը համընկնում է նախորդ հետազոտությունների հետ, որոնք ուսումնասիրել են MH370-ի հետագիծը: Ընդ որում՝ ինժեները համոզված է, որ Շախն օգտվել է նավիգացիայի ճանապարհային կետերով, որպեսզի խուսափի օդանավի հայտնաբերումից: Գոդֆրին նաեւ պնդում է, որ օդաչուն տեղյակ էր մերձակայքում տեղադրված ռադարների աշխատանքի գրաֆիկին եւ գիտեր, որ հանգստյան օրերին գիշերը ռադարների համակարգերը չեն աշխատելու: «Թռիչքի երթուղին թվում է, որ լավ ծրագրված էր. օդանավը չի հատել գործող կոմերցիոն երթուղիները: Կարծես օդաչուն այնքան էլ չէր մտահոգվում վառելիքի սպառմամբ, ավելի շատ ուշադրություն էր դարձնում կեղծ հետքեր թողնելու վրա»,-եզրակացրել է փորձագետը՝ հավելելով, որ հետագծերի եւ արագության փոփոխությունները թույլ են տալիս եզրակացնել, որ օդաչուն ակտիվ էր թռիչքի ժամանակ:

2021 թվականի մարտին մասնագետներն ուսումնասիրել են Հարավային Աֆրիկայում հայտնաբերված օդանավի դետալ, որը ենթադրաբար պատկանել է 2014 թվականին անհետացած Բոինգին, եւ առաջ է քաշել աղետի նոր վարկած: Նրանց կարծիքով՝ օդանավը մեծ արագությամբ բախվել է Հնդկական օվկիանոսի մակերեւույթին եւ, ըստ ամենայնի, օդանավի կառավարումը անհնարին էր: Տեսության կողմնակիցները ենթադրում են, որ մասերը կարող են գտնվել օվկիանոսի հատակին:

Մեկ տարի առաջ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը պատմել է, որ Մալայզիայի իշխանությունների վարկածով՝ MH370 բոինգի անհետացման պատճառն օդաչուի ինքնասպանությունն է:

2019 թվականի հունիսին ավիաաղետի եւս մեկ վարկած է ներկայացվել. ավիաանվտանգության հարցերով փորձագետը ենթադրել է, որ ինքնաթիռն առեւանգվել էր մարդու կողմից, որը ներթափանցել էր միտումնավոր ոչնչացման նպատակով: Նույն տարի հունիսին հայտնի էր դարձել, որ օդաչու Զախարիա Ահմադ Շախը, հնարավոր է, փակել է թթվածինը սրահում՝ սպանելով ուղեւորներին: Ինչպես պարզել են փորձագետները, MH370 չվերթի օդաչուները շեղել են ինքնաթիռը նախանշված ճանապարհից: Դրանում մեղադրում են հենց Շախին, քանի որ նա իրականացրել է նմանատիպ թռիչք մահվան ելքով ավիասիմուլյատորի վրա: Հանցագործության շարժառիթը կարող էին լինել անձնական կյանքում խնդիրները. օդաչուի կինը հեռացել էր նրանից, նա միայնակ էր եւ ընկճված:

Malaysia Airlines-ի ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Կուալա Լումպուրից դեպի Պեկին, անհետացել էր ռադարների էկրաններից 2014 թվականի մարտին: Օդանավում գտնվել էր 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ: 2015 թվականի հունվարին նրանք բոլորը պաշտոնապես համարվել են զոհված: Օդանավը դեռեւս չի հաջողվել հայտնաբերել: