Շարունակում է ներքաղաքական ակտիվությունը Հանրապետության առաջին նախագահը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմել է, որ եռանախագությամբ դաշինք կազմելու իր առաջարկին Ռոբերտ Քոչարյանից կտրուկ մերժում ստանալուց հետո,  մայիսի 1-ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով ընտրությունների գնալ ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով: «Անշուշտ այդ ձևաչափը նույն արդյունավետությունը չէր ունենա, ինչ չիրականացած եռակողմ դաշինքը: Չիրականացավ նաև իմ երկրորդ առաջարկը, քանի որ այն Սարգսյանը մերժեց», գրել է նա եւ հրապարակել հայտարարությունը, որը պետք է ստորագրեին ինքն ու Սերժ Սարգսյանը՝ համաձայնության գալու դեպքում: Ի դեպ, դրանում Տեր-Պետրոսյանը 2-րդ նախագահին վերագրում է ռեւանշիստական նպատակ, դարձյալ կրկնում է երեք նախագահով դաշինք կազմելու առաջարկը, նաեւ շեշտում, որ այլապես երկրին սպառնում են վարչական, ֆինանսական, քրեական ռեսուրսների համատարած օգտագործմամբ ուղեկցվող կատաղի ընտրություններ, որոնց արդյունքը կարող է ավելի աղետաբեր լինել, քան վերջին պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը:

Երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։ «Երրորդ նախագահը հաստատում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ առաջին նախագահի առաջարկի մերժումը՝ ասվում է հայտարարությունում։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ»,– ասվում է հայտարարությունում:

«ԱԱԾ պահեստազորի սպաների միության» հրավիրած ասուլիսում ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը  հայտարարել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը մեկն է՝ ուժերի հզոր համախմբմամբ երկիրը փրկել անխուսափ փլուզումից։

Ըստ միության նախագահի՝ քաղաքական պոպուլիզմը առավել քան իրական վտանգ է եւ կարող է ավերիչ լինել ընտրությունների պատրաստվող Հայաստանի համար։ Նա շեշտել է, որ իրենք ֆիքսելու են ընտրակաշառք բաժանելու, վարչական ռեսուրս կիրառելու դեպքերը, հետեւելու են, որ ընտրարշավը համապատասխանի օրենքին եւ քաղաքական պայքարի էթիկային:

Ասուլիսին մասնակցող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հավաստիացրել է, որ Պահեստազորի սպաների միությունը, որի անդամ է ինքը, գործելու է ոչ որպես որեւէ քաղաքական ուժ եւ իրեն չի աջակցելու:

Վանեցյանն ասել է, որ միտում են տեսնում երեք տարում ԱԱԾ 5 տնօրեն փոխելու մեջ:

«Այսպիսի կառույցներում ղեկավարներին այդքան հաճախ չեն փոխում, եւ եթե փոխում են, պետք է լինի հստակ բացատրություն: Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն, այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը»,- ասել է նա:

ԱԱԾ  նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանը նշել է, որ այսօր շատերը տպավորություն են ստանում, որ ԱԱԾ-ն վերածվել է քաղմասի, ամեն գործով զբաղվում է. «Այն ժամանակ ծառայությունն իր գործն էր կատարում, իսկ հիմա այդ ռիթմը կորել է», ասել է նա:

Մանրամասներ են հայտնի դարձել երեկ խորհրդարանում, ընդմիջման ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտնի բանավեճից: Միրզոյանը դժգոհել է, որ Թաթոյանը կոշտ է հակադարձել Մարիա Կարապետյանին: Թաթոյանն ասել է, որ «Իմ քայլն» ընտրել է հատուկ տակտիկա և առաջադրանք տվել Կարապետյանին՝  իր ելույթով նսեմացնել Պաշտպանի աշխատանքը և իրեն, ինչն առաջին անգամը չէ:

ԱԺ նիստում այսօր զավեշտալի վիճակում հայտնվել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որի հեռախոսից հանկարծ միացել է Նիկոլ Փաշինյանի ձայնը։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 356 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 218681-ի: Մեկ օրում մահացել է 21 վարակակիր, նրանցից 4-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 5245 է:

Երեւանում նախօրեին 30-ամյա ծննդկան է մահացել: Ըստ առողջապահության նախարարության՝ կնոջ երկրորդ հղիությունը հսկող բժիշկները ծանր ախտորոշումից հետո որոշել էին 36 շաբաթական ժամկետում կեսարյան հատում իրականացնել՝ մորը եւ պտղին փրկելու համար: Սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել: Նորածին երեխան իրեն լավ է զգում:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.64 դրամով, կազմել է 522.09 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.49 դրամով ու հասել 630.68 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.10 դրամով ու հասել  726.75 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով  ու կազմել 7.05 դրամ:

Հայաստանում մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, սակայն երկուշաբթի կրկին կնվազի:  Երեւանում եւս տեղումներ չեն լինի։  Գիշերը մայրաքաղաքում կլինի +9 +11, վաղը ցերեկը՝ +22 +24: