Մյանմայում փետրվարյան ռազմական հեղաշրջումով պայմանավորված հասարակաքաղաքական ճգնաժամի ամբողջ ընթացքում սպանվել է առնվազն 774 մարդ: Այդ մասին ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հրապարակելով թվերը՝ Դյուժարիկն ընդգծել է, որ հղում է անում «առկա առավել հավաստի տվյալներին»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նաեւ մտահոգություն է հայտնել «ցուցարարների եւ անցորդների՝ ամենօրյա կտրվածքով զոհվելու ու վիրավորվելու» մասին հաղորդագրությունների վերաբերյալ:

Բացի այդ, Դյուժարիկը ուշադրությունը հրավիրել է պայմանների շուրջ, որոնցում պահվում է 3 740 ձերբակալված երկրում, ինչպես նաեւ պետության տարբեր մասերում  պայթյունների եւ հրկիզումների մասին հաղորդագրությունների վրա:

Ռազմական իշխանությունների դեմ զանգվածային բողոքի ցույցերը տեղի են ունենում ամեն օր բազմաթիվ քաղաքներում, երբ փետրվարի 1-ին զինվորականները փոխարինել են քաղաքացիական կառավարությանը, ձերբակալել դրա մի շարք անդամներին եւ իշխանությունը զավթել: Զինվորականները բացատրել են իրենց գործողությունները 2020 թվականին համընդհանուր ընտրությունների ենթադրյալ կեղծմամբ եւ դրանք հետաքննելու՝ նախկին իշխանությունների ցանկության բացակայությամբ: Ռազմական կառավարության ղեկավարները խոստացել են մեկ տարի անց անցկացնել նոր ընտրություններ եւ իշխանությունը փոխանցել կուսակցությանը, որը կհաղթի: