Տրիպոլիի «Կորինտիա» հյուրանոցը, որտեղ տեղակայված է Լիբիայի նախագահական խորհրդի կենտրոնակայանը, ուրբաթ երեկոյան հարձակման է ենթարկվել մի խումբ զինված անձանց կողմից: Այս մասին հայտարարել է Al Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները երկրի անվտանգության գործակալություններում, գրում է ՏԱՍՍ-ը:

Նախագահական խորհրդի ղեկավար Մուհամեդ ալ-Մենֆիին հաջողվել է հետեւի դռնից դուրս գալ Տրիպոլիի ամենամեծ հյուրանոցի շենքից: Հեռուստակայանը նշում է, որ խորհրդի բոլոր անդամները, որը բաղկացած է երեք հոգուց, ներկայումս ապահով են: Միեւնույն ժամանակ, Տրիպոլիից ստացված տեղեկատվության համաձայն, զինված խումբը առեւանգել է Նախագահական խորհրդի գրասենյակի ղեկավար Մուհամեդ ալ-Մաբրուքին:

Լիբիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակման հետեւում կանգնած են Արեւմտյան շրջանի զինված կազմավորումները, որոնք մասնակցել են Ազգային համաձայնության կառավարության նախկին ղեկավար Ֆայիզ Սարաջի կողմից ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ Լիբիայի ազգային բանակի դեմ հայտարարված  «Զայրույթի հրաբուխ» օպերացիային 2019-ի գարնանը: