Մայիսի 25-ին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ներկայացվել է կորոնավիրուսի դեմ (այսպես կոչված կանաչ սերտիֆիկատի) ընդհանուր ԵՄ ընդունված պատվաստումների սերտիֆիկատի ներդրման հարցը: Այս մասին շաբաթ օրը հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Պորտունայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին ժամանելուն պես, նրա ելույթը հեռարձակել է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք քննարկեցինք կանաչ սերտիֆիկատի թեման եւ որոշեցինք վերադառնալ դրան մայիսի 25-ին կայանալիք գագաթնաժողովին՝ արձանագրելու բոլոր ջանքերը, որոնք արդեն ներդրվել են՝ այս թեմայի շուրջ ընդհանուր համաձայնության հասնելու համար»,- ասել է նա:

ԵՄ երկրները քննարկում են մարտի սկզբից ԵՄ բոլոր 27 երկրներում հաստատված պատվաստումների սերտիֆիկատների ներդրման գաղափարը: «Կանաչ թվային անցաթուղթը» անվանումը հորինել է Եվրահանձնաժողովը, այն նաեւ առաջարկել է, որպեսզի այս փաստաթուղթը տվյալների երեք կատեգորիա ներառի՝ պատվաստման մասին, COVID-19 հիվանդությունը տանելու ամսաթվերի եւ ՊՇՌ թեստերի ամսաթվերի եւ արդյունքների մասին:

Միեւնույն ժամանակ, դեռ վերջնական համաձայնություն չկա այն մասին՝ արդյոք «կանաչ անցաթղթում» ներառված կլինեն միայն ԵՄ-ում հաստատված պատվաստանյութերով պատվաստումների մասին տվյալները, թե պետություններն իրավունք կստանան իրենց հայեցողությամբ ավելացնել իրենց ազգային կարգավորիչների կողմից հաստատված, բայց դեռ չվավերացված պատվաստանյութերը:

Դա, մասնավորապես, Հունգարիայի դեպքն է, որն արդեն լայնորեն օգտագործում է ռուսական Sputnik V-ն՝ բնակչության պատվաստումների համար, որը դեռ չի ստացել Դեղամիջոցների եվրոպական գործակալության հաստատումը: