Եվրամիության երկրների ղեկավարները նախօրեին Պորտոյում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտոնագրերի վերացումը եւ կարծում են, որ դա աշխարհում պատվաստանյութերի արտադրությունն ավելացնելու լավագույն միջոցը չէ, ասել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մտավոր սեփականության մասով, մենք չենք կարծում, որ կարճաժամկետ հեռանկարում սա լավագույն լուծումն է: Բայց մենք պատրաստ ենք զբաղվել այս հարցով, երբ կոնկրետ առաջարկներ կներկայացվեն»,- ասաց նա: Միշելի խոսքով՝ ԵՄ-ում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արտադրությունն աճում է: «Մենք բոլորս համաձայնեցինք, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի աշխարհում պատվաստանյութերի արտադրությունն ավելանա»,- հավելել է նա: