SpaceX ընկերությունը զարգացնում է Starship նոր հրթիռը: SN15-ի վերջին նախատիպն ավարտել է հաջող բարձրանալը եւ վայրէջքը, իսկ թեստային նախորդ չորս մոդելները վայրէջքի ժամանակ պայթել էին, գրում է ВВС-ն:

Սակայն վերջին նախատիպն իրականացրել է հաջող վերահսկվող վերադարձը երկիր՝ Տեխասում գտնվող SpaceX-ի գիտահետազոտական կենտրոն: Վայրէջք կատարելիս, սակայն, փոքր հրդեհ է բռնկվել, որն անմիջապես մարվել է:

ԱՄՆ տիեզերական ՆԱՍԱ գործակալությունը Starship-ն ընտրել է այս տասնամյակի վերջին Լուսնի վրա տիեզերագնացների վայրէջքի համար: SpaceX-ի լուսնային առաքելություններից բացի, Starships-երը կօգտագործվեն տիեզերագնացներին մերձմոլորակային ուղեծիր հասցնելու համար եւ դրանով իսկ դուրս կմղեն իրենց Falcon հրթիռները:

Այս մեքենաները (Falcon) այժմ կանոնավոր թռիչքներ են իրականացնում ՆԱՍԱ-ի համար, ինչպես նաեւ կապի արբանյակներ են արձակում ամերիկյան զինվորականների եւ այլ կոմերցիոն օպերատորների համար: Բայց SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կարծում է, որ 50 մետրանոց նոր աստղագնացը կարող է ամեն ինչ անել, ավելի շատ ու ավելի լավ՝ եւ ոչ միայն Երկրի վրա: Նա ասում է, որ այս տեխնոլոգիան մարդկանց Մարս կտանի: