Այն անձը, որը երիտասարդներին կտա սեր և հավատ, նա կլինի մեր երկրի հաջորդ ղեկավարը։ Այս մասին լրագրողների զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր Երվանդ Թարվերդյանը, որը նախօրեին հանդիպել էր երիտասարդների հետ։

«Հանդիպումը բաց հրավեր է երիտասարդների համար իմ ֆեյսբուքյան էջի միջոցով, որպեսզի տարանջատումներ չլինեն, և այն մարդիկ, որոնք հետաքրքրված են իմ պատկերացումներով տարբեր ոլորտների վերաբերյալ, տան իրենց հուզող հարցերը։ Մեր կուսակցությունը սկզբունքորեն փողոցային հավաքներն այդքան էլ որպես տարբերակ չի դիտարկում, այսինքն՝ կարգ ու կանոն, տարածք և որ ամենակարևորն է, որ մարդիկ հատուկ գալիս են քեզ հարց տալու։ Երիտասարդությունը շատ կարևոր է մեր բոլորի համար, քանի որ այս ընտրություններում երիտասարդներն են հաղթելու»,- ասաց Երվանդ Թարվերդյանը։ 

Երվանդ Թարվերդյանի համարում է, որ սպասվող խորհրդարանական ընտրությունը Հայաստանի վերջին 100 տարիների ամենակարևոր քաղաքական միջոցառումն է։

«Մեր պետությունը երկու ամսից կունենա նոր վարչապետ, և այդ անձի համար նշաձողն այնքան բարձր է լինելու, որ պետք է լինի մարդ, որին հասարակությունը սիրում է և հավատում, և որն ի վիճակի է շատ ծանր բեռ տանել, քանի որ մենք այսօր ամեն առումով գտնվում ենք ճգնաժամի մեջ։ Իմ կարծիքով՝ Ազգային ժողովում բոլորը պետք է համախմբվեն և պետական շահը վեր դասեն իրենց ներքաղաքական և ներկուսակցական շահերից։ Իմ համար անձինք առոչինչ են, կարևորը հայրենիքն է։ Մեր պետությունն իրեն չի կարող թույլ տալ բևեռացման ճոխությունը»,- ընգծեց Երվանդ Թարվերդյանը։

Հարցին, թե ինքը պատկերացնո՞ւմ է իրեն որպես վարչապետ, նա պատասխանեց՝ միանշանակ, այո․ «Ես ուրիշ ոչ մեկի այդ պաշտոնում չեմ տեսնում։ Դա ոչ թե մտքի թռիչք է կամ երազանք, ուղղակի իմ կրթությունը և անցած ճանապարհը համեմատում եմ մյուս գործիչների հետ»։