Առնվազն 37 մարդ զոհվել եւ 56-ը վիրավորվել են Քաբուլի արեւմտյան մասում գտնվող դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով, գրում է ՏԱՍՍ-ը:

Աֆղանստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Քաբուլում աղջիկների պետական դպրոցի դիմաց երեք պայթյուն է տեղի ունեցել: Նախարարությունը հաստատել է, որ սպանվածների ու վիրավորների մեծ մասը դպրոցի աշակերտուհիներն են: Գերատեսչությունը հավելել է, որ այս թվերը շարունակում են փոխվել:

Աֆղանստանի առաջնորդ Աշրաֆ Հանին կատարվածը որակել է որպես ահաբեկչական գործողություն եւ միջադեպի համար «Թալիբան» արմատական շարժմանն է մեղադրել: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թալիբներն իրենց հերթին դատապարտել են հարձակումը: Որեւէ կազմակերպություն չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը:

Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունը, Քաբուլում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը դատապարտել են պայթյունները` դրանք անվանելով «վայրագություններ» եւ «վախկոտ, նողկալի հարձակումներ Աֆղանստանի ժողովրդի վրա»: