ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նա մոտենում է զոհված երիտասարդների շիրիմներին, խոնարհվում եւ ծաղիկներ դնում:

Tert.am-ի լրագրող Անի Գեւորգյանը հեռվից հարց ուղղեց. թե ինչ խղճով է Եռաբլուր գալիս, այստեղ գալիս ինչ զգացողություն է ունենում, Փաշինյանը չպատասխանեց, բայց ինչ–որ բան ասաց անվտանգության աշխատակցին, ինչից հետո թիկնազորի անդամները շրջափակեցին լրագրողին և թույլ չտվեցին առաջ շարժվել և շարունակել լուսաբանել վարչապետի պաշտոնակատարի այցը:

«Ինձ հանգիստ թողեք»,-ասաց  լրագրողը։ Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու՝ անվտանգության աշխատակիցների գործողություններին միացավ նաև վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյան

«Բա էսօր էդ օ՞րն ա։ Անի ջան, կարո՞ղ է իրա հետ զրուցենք մի հատ»,– ասում էր նա։

Այս միջադեպը նկարահանող՝ NEWS.am-ի խմբին նույնպես անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին տեղաշարժվել, խոչընդոտելով նրանց աշխատանքը։ Քիչ անց մոտեցան նաեւ ոստիկանության աշխատակիցները, որոնք արգելում էին երկու լրատվամիջոցների լրագրողներին մոտենալ Փաշինյանին: 

Հարցին, թե ինչու մեկ այլ լրատվամիջոցի թույլատրում են, իրենց՝ ոչ, ոստիկանն ասաց, թե ծառայություն են իրականացնում. «Դիմեք համապատասխան մարմինների»։