Ես զբաղվում եմ ամենակարեւոր ոլորտներից մեկի, եթե ոչ ամենակարեւորին, տվյալ դեպքում նաեւ այսօրվա տոնի տեսանկյունից: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի հարցին, թե արդյոք այս իշխանությունը տարածքների կորստից հետո երես ունի ներկայանալ այս տոնին:

Հայկ Չոբանյանը շարունակեց. «Մի ոլորտով, որով պետք է հաղթահարենք մեր ունեցած բոլոր ճգնաժամերը եւ վերականգնենք արժանապատվությունը մոտակա եւ հեռավոր ապագայում: Այսօր պետք է գործով զբաղվել, իսկ այս էմոցիոնալ ֆոնը խանգարում է մեզ աշխատել: Բարեբախտաբար մեր ոլորտի մարդիկ իսկապես հաստատակամ են եւ հատու են իրենց մոտեցումներում, ոլորտը զբաղվեծ է ՀՀ արդյունաբերության վերականգնմամբ, մասնավորապես, բարձր տեխնոլոգիական արդյունաբերական եւ ճարտարագիտական մասի վերականգնմամբ:

Ամբողջ տեղեկատվական դաշտը լցված է աղմուկով, որը խանգարում է աշխատել ՀՀ քաղաքացիներին եւ այն մարդկանց, որոնք զբաղված են երկիրը կառուցելով»:

Դիտարկմանը, թե անվտանգային խնդիրների մասին բարձրաձայնելն աղմո՞ւկ է, նա ասաց. «Ես ավելորդ եմ համարում այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն տալը: Իմ ասելիքը հետեւյալն է. Հայաստանն այսօր ընկճված վիճակում է, պետք է ոտքի կանգնի: Ես ամեն օր առավոտից մինչեւ գիշեր իմ ընկերների հետ զբաղված ենք այս երկիրը ոտքի կանգնեցնելով եւ փառք Աստծո, ունենք հզոր ոլորտ, որն իսկապես այսօր լիարժեք ներգհրավված է այդ աշխատանքում: Սա վերաբերում է մեր ժողովրդին եւ մեր երկրին, մեր ժողովրդի ապագային: Բոլոր թեմաները, որոնց ես անդրադառնում եմ, վերաբերում են միայն բովանդակային ոլորտին, եթե ունեք բովանդակային հարց, համեցեք, եթե ոչ, համեցեք»: Դա ասելուց հետո նա հեռացավ՝ անպատասխան թողնելով հարցը, թե արդյոք անվտանգության մասին հարցը բովանդակային չէ: