Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհում կրկին փորձում են գործարկել նացիզմի գաղափարախոսությունից բազմաթիվ տարրեր, եւ նախազգուշացրել, որ Ռուսաստանն ամուր կպաշտպանի իր շահերը, գրում է Լենտա:ռու-ն:

«Պատերազմը բերել է այնքան անտանելի փորձություններ, վիշտ եւ արցունքներ, որ դա մոռանալ անհնար է: Եւ ներում ու արդարացում չկա նրանց, ովքեր կրկին ագրեսիվ ծրագրեր են փնտրում»,-նախազգուշացրել է նա:

Պուտինը նշել է, որ աշխարհում շարունակվում են պատմությունը փոխելու եւ դավաճաններին ու հանցագործներին արդարացնելու փորձերը:

«Ցավոք, նացիստների գաղափարախոսությունից բազմաթիվ տարրեր դարձյալ փորձում են գործարկել,-ասել է Ռուսաստանի առաջնորդը:-Եւ ոչ միայն տարատեսակ արմատականներ եւ միջազգային ահաբեկչական խմբավորումներ: Այսօր մենք տեսնում ենք պատժողների եւ նրանց հետեւորդների հանրություն»:

Ավելի վաղ իր ելույթում Պուտինն ընդգծել է նացիզմի դեմ պայքարում «հենց խորհրդային ժողովրդի» հերոսությունը:

Հաղթանակի տոնական զինվորական շքերթը մեկնարկել է Կարմիր հրապարակում 10:00-ին: Դրան մասնակցում է ավելի քան 12 հազար զինծառայող: Հրապարակում կներկայացվի ավելի քան 190 միավոր ցամաքային ռազմատեխնիկա՝ պատերազմի ժամանակաշրջանի նմուշներ եւ ժամանակակից մեքենաներ: