Մենք շուրջ քառորդ դար գալիս էինք Եռաբլուր՝ մեր ընկերներին շնորհակալություն հայտնելու, որ մեզ հաղթանակ պարգևեցին, այսօր առաջին անգամ գալիս ենք մեր ընկերներից ներողություն խնդրելու, որ չկարողացանք պահպանել այն հաղթանակը, որն իրենք էին կերտել, որ թույլ տվեցինք ներքին ու արտաքին թշնամուն ստվերել այս տոնը, և նաև խոստանալ, որ կվերականգնենք այն փառքն ու պատիվը, որ իրենք էին կերտել։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ երբ կորցնենք Արցախը, մենք կփակենք մեր պատմության վերջին էջը:

Անդրադառնալով Շուշին ու Հադրութը վերադարձնելուն, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Ճիշտ ներքին ու արտաքին քաղաքականության դեպքում, ներքին համերաշխությունը, հզորությունը վերականգնելու դեպքում՝ հնարավոր է վերադրաձնել այն ամենը, ինչ կորցրեցինք 44-օրյա պարտության հետեւանքով: Պետք չի հիասթափվել,  համակերպվել իրավիճակի հետ: Պետք է հասկանալ, որ միայն հզորանալու դեպքում՝, հզոր բանակ, հզոր Արցախ ու Հայաստան ունենալու դեպքում՝ կկարողանանք ապահովել արժանապատիվ խաղաղություն»:

Նա ընդգծեց, որ իր մոտ տպավորություն է, որ եթե ներկա իշխանությունների սուրճը թափվի, մեղավոր են համարելու նախկիններին. «30 տարի եթե բանակը թալանել էին, ինչո՞ւ պատերազմը 25 տարի առաջ չսկսվեց եւ մենք հղթական զինադադար կնքեցինք: Թշնամին հարձակվում է այն ժամանակ, երբ դու ամենաթույլն ես։ Պատերազմը սկսվեց, երբ մենք ամենաթույլն էինք, երբ բանակը գիտակցաբար քայքայվեց, հասարակության համերաշխությունը գիտակցաբար քայքայվեց: Եթե դու հզորանաս, թշնամին չի հարձակվի»,-նշեց նա։