Որպես Շուշիի ազատագրման գործողության մասնակից, իմ տպավորությունները շատ դառն են։ Դավաճան իշխանությունների կողմից մեր ազատագրած Շուշին հանձնվեց եւ տպավարությունը տխուր է։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Շուշիի Առանձնակի գումարտակի նախկին շտաբի պետ Արտաշես Մխիթարյանը։

«Եկել ենք Եռաբլուր ոչ թե հաղթնակը տոնելու, ինչպես վերջին 28 տարիներին, այլ մեր հարգանքի տուրքը մատուցելու մեր մարտական ընկերներին։ Թեկուզ այս բարդ իրավիճակում  մենք բանակի կողքին ենք եւ համոզված ենք, որ մեր մեջ ուժ կգտնենք, մեր պետությունն իր մեջ ուժ կգտնի, առանց ներկայիս դավաճան իշխանությունների կվերականգնենք մեր մարտունակությունը, եւ այն՝ ինչ կորցրինք 44-օրյա ընթացում եւ դավաճան իշխանությունների բանավոր պայմանավորվածությունների հետեւանքով տրված տարածքները»,– ասաց Արտաշես Մխիթարյանը»

Շուշիի Առանձնակի գումարտակի նախկին շտաբի պետը պնդեց, որ Շուշին հնարավոր էր պահել՝ ճիշտ մարտական գործողությունների կազմակերպման պարագայում։

«Եթե չլիներ իշխանությունների անկազմակերպվածությունը, մենք ոչ միայն Շուշին, այլեւ Հադրութը կպահեինք։ Դավադրություն եմ տեսնում, բայց ոչ դավադրության տեսության հիման վրա, այլ իմ անձնական փորձի ու տեսածի։ Եթե հյուսիսային հատվածում չկար անկազմակերպվածությունը, Մատաղիսից դուրս գալուց հետո, ինչո՞ւ  մենք կարողացանք այդ տարածքները պահել, որովհետեւ կար հստակ կազմակերպված պաշտպանություն եւ բոլոր հրամանատարներն իրենց տեղում պատասխանատու էին իրենց պաշտպանության շրջանների համար, եւ մենք կանգնեցրել ենք, որից հետո թշնամին վերախմբավորեց իր ուժերը եւ հյուսիսային հատվածից իր ուժերի մի մասին տեղափոխեց հարավ, որպեսզի ավելի վճռական գործողություններով հասներ իր նպատակին»,– պատմեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։