Այսօր ունեք ղեկավար, որի տգետ, խառնակ կառավարությունը տվել է  այն արդյունքները, որը բոլորս տեսնում ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Ունենք աղետաբեր կառավարում եւ ոչինչ չի փոխվելու: Օդում օդանավ քշել չեն սովորում: Օդում ինքնաթիռ վարել սովորելը բերում է այսպիսի արդյունքների:

Մենք ունենք իսկապես ոչ համարժեք ղեկավար, որն իր ողջ թիմով հանդերձ ձախողել ու շարունակաբար ձախողելու են ամեն ինչ: Եթե այս ամենից հետո դեռ կան մարդիկ, որոնց պետք  են հավելյալ ապացույցներ, դա պրոբլեմ է այդ ապացույցները փնտրողների համար: Հետեւաբար այս կառավարումից պետք է ազատվել եւ դա պետք է անել սահմանադրական ճանապարհով, որովհետեւ մնացած ճանապարհները մեր պետականության համար ոչ մի լավ բան չեն խոստանում»,-ասաց նա:

ՀԱԿ փոխնախագահը խոստովանեց, որ այդուհանդերձ, բավական մեծ զանգված կա, որը շարունակում է իր ձայնը տալ Նիկոլ Փաշինյանին. «Դա անում են, որովհետեւ 2018-ի հեղափոխությունը կատարեց մի մեծ բան՝ մեր ժողովրդին փրկեց ճորտատիրական կարգերից: Դրա համար շատ մարդիկ շարունակում են իրենց հավատարմությունը պահել հեղափոխության ղեկավարին: Բայց այդ մարդիկ պետք է հասկանան, որ բացի դրանից, այդ մարդն ինչ արել է, ոչ մի կապ չունի կառավարման հետ: Նա աղետաբեր կառավարիչ է՝ Նիկոլ աղետաբեր»: