2018-ի ապրիլին մեր ժողովուրդը իշխանության ղեկին է նստեցրել մի մարդու, որը չգիտի, թե ինչ է պետականությունը, թե այդ պետական մեքենան ոնց է աշխատում, ոնց է կառավարվում: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հավաքի ժամանակ նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա մի համեմատություն արեց՝ նշելով. «Ենթադրենք, մենք մի մեքենայի մեջ ենք բոլորս՝ Հայաստանը, եւ ղեկը մի մարդու ձեռքին, որը չգիտի նույնիսկ, թե շարժիչը որտեղ է գտնվում: Հետո պարզվում է, որ այդ մարդը մեքենան քշել էլ չգիտի: Դա քիչ է, պարզվում է, որ այդ մարդը երթեւեկության կանոնները չգիտի: Դա էլ քիչ է, պարզվեց, որ այդ մարդը ճանապարհը չի ճանաչում, չգիտի՝ գնա արեւմուտք, արեւելք, հյուսիս, թե հարավ: Մենք բոլորս այդ մեքենայի մեջ ենք եւ այդ մեքենան արդեն 3 անգամ վթարի է ենթարկվել՝ տալով 5 հազար զոհ, 11 հազար վիրավոր եւ 35 հազար անօթեւան ընտանիքներ: Հիմա ի՞նչ ենք ուզում մենք, պատրա՞ստ ենք լքել այդ մեքենան, թե՞ պետք է վռնդենք ղեկին նստած անձին»:

Քոչարյանը հիշեցրեց, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է. «Այսօր այս հարթակից մենք հետհաշվարկ ենք սկսում Շուշին հանձնած իշխանությանը իշխանության մնալու առումով: Իրենց մնացել է 42 օր, վաղը մնալու է 41 օր, մյուս օրը 40 օր եւ այդպես շարունակ: Ուրեմն ամեն օր սոցցանցերում դրեք օրերի այդ հետհաշվարկը: Սա պետք է դառնա ամբողջ հանրապետության աճող սպասելիքը:

Վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է  լինելու, լավ եղեք: Շնորհակալություն ձեզ, ձեր ցավը տանեմ»,-ասաց նա:

Հանրահավաքի ներկաները սկսեցին վանկարկել «Հայաստան», «Քոչարյան»: