Մենք չենք կորցրել եռատոնը, մեզնից գողացել են այն եւ գողացել են ոչ թե թուրքերը, մեր թշնամիները, այլ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Ազատության հրապարակում, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը Ազատության հրապարակում մասնակցում էր  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքին։

«Եռատոնի պղծման գործընթացը սկսվեց սեպտեմբերի 27-ին եւ ավարտվեց նոյեմբերի 9-ին ու  պատահական չէր ամսի 9-ին Շուշին հանձնելը։ Դավաճան վարչապետն ամեն ին անում է մեզ վնասելու, նսեմացնելու համար։ Այսօրվա «տոնը» ինձ համր տոն չէ։ Ես որպես քաղաքացի իմ կյանքից կորցրել եմ մի կարեւորագույն դրվագ, որը համարել եմ մեծ ձեռքբերում՝ Շուշիի ազատագրումը»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ մինչեւ հիմա պարզ չէ  Շուշիի հանձնման պատասխանատուն։

«Քանի որ գործող վարչակարգը թաքուն է պահում բոլոր մեղավորներին ու այդ պատճառով մենք տանուլ ենք տվել պատերազմը, ես իրավունք ունեմ ենթադրելու, որ այդ ամենի հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր, ով նոյեմբերի 9-ին Շուշին նվիրեց թուրքին, տվեց այն օրը, երբ Ադրբեջանը տոնում էր իր պետական դրոշի օրը, սրանք պատահականություններ չէին»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Անդրադառնալով հանրահավաքի իր մասնակցությանը, Գագիկ Համբարյանն ասաց, որ առաջին անգամն է, որ ընդդիմության հանրահավաքներին մասնակցում է, եւ նախընտրել է հենց այս մեկին մասնակցել։

 «Հավանականությունը մեծ է, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը իշխանության կգա։ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքն ամենամեծն է ու շատ ձայներ ակնկալողը։ Հույս ունեմ, որ մեր հասարակությունը մինչեւ ընտրությունը կկողմնորոշվի ու կհասկանա, թե ինչ աղետի հետ գործ ունի եւ իր ձայնը կտա արժանիին»,- նշեց քաղաքագետը։ 

Նա հույս հայտնեց, որ ընտրությունների արդյունքում կձեւավորվի ընդդիմության դաշինք, որը կստանձնի Հայաստանի ղեկավարությունը։