Հնդկաստանում COVID-19-ի սրման ֆոնին հաճախացել է մուկորմիկոզի դեպքերի թիվը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հիվանդությունն իրենից ներկայացնում է հազվագյութ սնկային վարակ, որը նաեւ անվանում են «սեւ բորբոս»: Այն ախտահարում է քթի խոռոչը կամ թոքերը սնկի մասնիկները շնչելու հետեւանքով, որոնք հիմնականում հանդիպում են խոնավ տարածքներում եւ մակերեսներին, հողի մեջ, բույսերի, փտող բանջարեղենի եւ մրգերի վրա:

Հաղորդվում է, որ առավել հաճախ մուկորմիկոզն ախտորոշվում է COVID-19-ով հիվանդների եւ այն մարդկանց շրջանում, ովքեր վերջերս են ապաքինվել: NITI Aayog կառավարական կազմակերպության անդամ, բժիշկ Փոլի կարծիքով՝ COVID-19-ի պացիենտին ԹԱՕ սարքին միացնելուց հետո սնկային այդ վարակը ստանալու հավանականությունն աճում է:

Մասնավորապես, Գուջարաթ հնդկական նահանգում վերջին երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է «սեւ բորբոսի» 40 դեպք: Մի քանի պացիենտ կորցրել է տեսողությունը դրա հետեւանքով:

PTI գործակալության տվյալներով՝ Մախարաշտրա նահանգում առնվազն ութ մարդ ապաքինվել է կորոնավիրուսային վարակից հետո, սակայն մահացել է մուկորմիկոզով վարակվելու հետեւանքով: