Հունիսին Եգիպտոսը մեկնարկում է կորոնավիրուսի դեմ Sinovac Biotech չինական ընկերության պատվաստանյութի արտադրության տեղական հոսքը: Այդ մասին կիրակի հայտնել է երկրի առողջապահության եւ ազգաբնակչության նախարար Հալա Զաիդը VACSERA պատվաստանյութերի եւ կենսաբանական դեղամիջոցների հոլդինգային ընկերության արտադրագիծն այցելելու ժամանակ, որտեղ կարտադրվի չինական պատվաստանյութը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մայիսի 18-ին կմատակարարվի արտադրության համար հումքի առաջին խմբաքանակը,-ասել է նա:- Առաջին երկու միլիոն չափաբաժինը կարտադրվի արդեն հունիսի վերջում. դրանք կթեստավորվեն Դեղորայքի եգիպտական վարչությունում, ինչից հետո հուլիսի վերջում կմեկնարկի այդ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը»: Նախարարի խոսքով՝ Եգիպտոսը ձգտում է դառնալ պատվաստանյութերի արտադրման տարածաշրջանային կենտրոն եւ արտահանել դրանք Աֆրիկայի երկրներ:

Առողջապահության նախարարը նշել է, որ Եգիպտոսում համաճարակաբանական իրավիճակը «կայուն» է: Վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակվելու 1 132 նոր դեպք, մահացել է 66 մարդ: Համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 236 հազար դեպք, այդ ժամանակահատվածում մահացել է 13 845 պացիենտ:

Հինգշավթի Եգիպտոսի կառավարությունը հայտարարել էր, որ մայիսի 6-21-ը խանութները, սրճարանները, ռեստորանները, թատրոններն ու մի շարք այլ հաստատություններ կաշխատեն մինչեւ 21:00-ն: Այդ օրերին արգելված են ցանկացած հանդիպումները, համաժողովները, տոնախմբությունները, մշակութային միջոցառումները, որոնց կմասնակցեն մեծաթիվ մարդիկ, փակ կլինեն բոլոր այգիներն ու լողափերը, սահմանափակված է հանրային տրանսպորտի աշխատանքը, իսկ հարսանիքներն ու ծննդյան տոնակատարությունները կանցկացվեն հյուրանոցների միայն բաց հրապարակների տարածքում: Բացառություն է արվել զբոսաշրջային հանգստյան գոտիների համար: