Բրիտանացի արքայազն Մայքլը մտադիր էր օգտվել թագավորական ընտանիքի անդամի իր կարգավիճակից անձնական շահ հետապնդելու համար, այն է՝ գումարի դիմաց հանդիպման հանարավորություն ստեղծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պնդում է Sunday Times թերթն ու Channel 4 հեռուստաալիքը, հաղորդում է ВВC ռուսական ծառայությունը:

Լրատվականների հետաքննության մեջ ներկայացվել են կադրեր, որտեղ թագուհի Ելիզավետա II-ի ազգական արքայազն Մայքլը հանդիպում է լրագրողների հետ: Թղթակիցների հետ հանդիպման ժամանակ, որոնք ներկայացել են իբրեւ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, հայտնել էին, որ արքայազնին կարելի է վարձել, որպեսզի նա բարեխոսի Կրեմլում այդ հաճախորդների համար: Արքայազն Մայքլի ընկեր, մարկիզ Ռեդինգն, ավելի ուշ նկարագրել է նրան՝ որպես «Ռուսաստանում Թագուհու ոչ պաշտոնական դեսպան»:

78-ամյա արքայազն Մայքլն արձագանքել է այդ պնդումներին: Նրա պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարկիզն «արել է հայտարարություններ, որոն արքայազն Մայքլը չէր ցանկանա եւ չէր կարողանա կատարել»: Հայտարարության մեջ նաեւ ասվել է, որ արքայազն Մայքլը չի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 2003 թվականից առ այսօր: «Ինչպես սովորաբար արվում է այդպիսի դեպքերում, արքայազն Մայքլի մասնավոր քարտուղարը բացատրել է այդ ընկերության ներկայացուցիչներին, որ ոչինչ չի կարող արվել առանց Բրիտանիայի դեսպանատան համաձայնության եւ առանց Ռուս-Բրիտանական Առեւտրի պալատի, որի ներկայացուցիչն է արքայազն Մայքլը»,-ասել են արքայազնի ներկայացուցիչները: