Facebook ցանցի ղեկավարության՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվն արգելափակելու վերաբերյալ մոտեցումը կրել է անհետեւողական բնույթ: Այդ մասին հայտարարել է Facebook ընկերության վերահսկիչ խորհրդի համանախագահ Մայքլ Մակքոնելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա պարզաբանել է, որ Թրամփի հայտարարությունները, որոնք հրապարակվել են սոցցանցերում հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, խախտել են Facebook-ի քաղաքականությունը: «Պարոն Թրամփը պետք է պահպանի սոցիալական ցանցի միեւնույն կանոնները, որոնք պահպանում են մյուս օգտատերերը»,-ընդգծել է Մակքոնելը: Նա նշել է, որ վերահսկիչ մարմինն ընդունել է այդ կանոնները խախտելու փաստը եւ սատարել է Թրամփի օգտահաշիվն արգելափակելու մասին նախնական որոշումը:

«Սակայն մենք չենք համարում, որ սոցիալական ցանցն ունեցել է հիմքեր այն անժամկետ արգելափակելու համար»,-նշել է նա՝ ընդգծելով, որ Facebook-ի ղեկավարությունը պետք է «կարգի բերի» օգտատերերի նկատմամբ իր պահանջները: «Նրանց որոշ ժամանակ է անհրաժեշտ, քանի որ նրանց կանոնները կանոնակարգված չեն: Նրանք ունեն ոչ թափանցիկ, անհասկանալի եւ անհետեւողական բնույթ»,-հայտարարել է Մակքոնելը: «Հուսով եմ, որ առաջիկա ամիսներին նրանք կկարողանան լուծել այդ հարցերը»,-ամփոփել է վերահսկիչ խորհրդի ներկայացուցիչը:

Չորեքշաբթի Facebook-ի վերահսկիչ խորհուրդը սատարել է Թրամփի օգտահաշիվների արգելափակման մասին որոշումը հունվարի 6-ին նրա կողմնակիցների՝ Կապիտոլիումի վրա հարձակման հետեւանքով, սակայն խորհուրդ տվել ընկերությանը վեցամսյա ժամկետում դիտարկել արգելափակման անժամկետ բնույթի մասին հարցը: