Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը հերքել է լուրերը, որ Գերմանիայի հետ «Սպուտնիկ V»-ի շուրջ բանակցությունները հայտնվել են փակուղում: Մեկնաբանությունը հայտնվել է պատվաստանյութի տելեգրամյան ալիքում, հաղորդում է Լենտա.ռու-ն:

Գերմանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: «Սպուտնիկ V» պատվաստանյութը կարող է մատակարարվել Գերմանիային արդեն այս տարվա հունիսին եւ ոչ «ի վնաս մյուս երկրներում մատակարարումների»:
«Bild պարբերականում հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում եւ ապատեղեկատվական արշավի օրինակ է, որի նպատակն է թույլ չտալ ռուսական եւ նմանօրինակ պատվաստանյութերին մուտք գործել եվրոպական եւ այլ շուկաներ: Վերջին շրջանում այդ թերթը հրապարակել է ավելի քան 15 նմանատիպ հոդված»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսական հիմնադրամում համարում են, որ ռուսական պատվաստանյութի դեմ տարվում է ակտիվ եւ «լավ ֆինանսավորվող» քաղաքականություն, որի նպատակն է որակազրկել այն: Դեղագործական ոլորտի պատմության մեջ փաստաթղթավորված են բազմաթիվ փաստեր, երբ մամուլն օգտագործվել է խոշոր ընկերությունների կողմից մրցակիցների վրա հարձակվելու համար, ընդգծել են հիմնադրամում: