Գինին, որն անցկացրել է 14 ամիս ՄՏԿ-ում, վաճառքի է հանվել Christie's աճուրդի տան կողմից: Վինտաժային Pétrus 2000-ի տասը շշերից մեկը, որոնք ուղարկվել էին տիեզերակայան Space Cargo Unlimited ընկերության կողմից, կարող է արժենալ շուրջ մեկ միլիոն դոլար: Այդ միջոցներով կֆինանսավորվեն ապագա տիեզերական առաքելությունները, հաղորդում է Nat- geo-ն:

Christie's-ի ոգելից խմիչքների եւ գինու բաժնի միջազգային տնօրեն Թիմ Թրիփթրիի խոսքով՝ նախագծի նպատակն էր իմանալ ավելին այն մասին, թե ինչ է տեղի ունենում գինու հետ ձգողականության ուժի բացակայության պայմաններում: Հետազոտություններն անցկացվել են Mission WISE (Vitis Vinum in Spatium Experimentia) անունով առավել լայն գիտափորձերի շրջանակում, որոնց ընթացքում ուսումնասիրվում է, թե ինչպես են տարբեր սթրեսային պայմաններն ազդում բույսերի վրա:

Գինին գտնվել է տիեզերքում 2019 թվականի նոյեմբերից մինչեւ 2021-ի հունվար՝ 440 օր ընդհանուր տեւողությամբ: Երկիր վերադառնալուց հետո Pétrus-ում անցկացվել են գիտական թեստեր, ինչպես նաեւ կազմակերպել են գինու համտես գինեգործության եւ գիտության ոլորտում 12 պրոֆեսիոնալների մասնակցությամբ: Փորձագետները եզրահանգել են, որ տիեզերքում գտնվելը դրական ազդեցություն է թողել ըմպելիքի համի վրա:

Կվաճառվի ոչ միայն տիեզերական գինու շիշը, այլ նաեւ Pétrus 2000 1 շիշ, որը գտնվել է Երկիր մոլորակում, որպեսզի գնորդը կարողանա համեմատել երկու ըմպելիքների համը: Շշերը կտեղադրվեն ձեռագործ արկղի մեջ, որտեղ կլինի նաեւ կուժ, բաժակներ, ինչպես նաեւ գինու բացիչ, որը պատրաստված է երկնաքարից: