Առնվազն 11 մարդ է ներգրավվել Հռոմի դատախազության հետաքննության մեջ՝ սոցիալական ցանցերում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հասցեին վիրավորանքների եւ սպառնալիքների փաստով: Ինչպես երեքշաբթի օրը նշել է Adnkronos գործակալությունը, նրանք կասկածվում են պետության ղեկավարի պատիվը ոտնահարելու, պետության հեղինակությունը խաթարելու, ինչպես նաեւ հանցագործություն կատարելու հրահրման մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Ինչպես հստակեցնում է գործակալությունը, բոլոր կասկածյալները 44-ից 65 տարեկան են: Խոսքը մի շարք հրապարակումների մասին է, որոնք տեղադրվել են սոցիալական ցանցերում 2020 թվականի ապրիլից մինչեւ 2021 թվականի փետրվարը. այդ ժամանակահատվածում Իտալիայում գործում էին խիստ սանիտարական սահմանափակումներ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար: Իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել, որի արդյունքում առգրավվել են շարժական սարքեր եւ անհատական համակարգիչներ: Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալներից ոմանք ծայրահեղ աջակողմյան համոզմունքներ ունեն, նշում է Adnkronos-ը: 

Սա Իտալիայի իրավապահ մարմինների առաջին հետաքննությունը չէ պետության ղեկավարի հասցեին սպառնալիքների գործով: 2018 թվականին Պալերմո քաղաքի (Սիցիլիա կղզի) դատախազությունը հետաքննություն է անցկացրել 39 մարդու նկատմամբ, ովքեր Facebook-ում սպառնալիքներ են տարածել Սերջիո Մատարելայի հասցեին: Այդ տարվա մայիսին Մատարելան ղեկավարում էր կառավարության ձեւավորման բարդ գործընթացը, որը հետագայում ստեղծվեց ռեկորդային ժամանակահատվածում՝ 2018 թվականի մարտի 4-ին կայացած խորհրդարանական ընտրություններից 90 օր անց: