Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի հետ իրականացնում է «Գեղանկարչությունը բեմում» խորագրով  ցուցահանդեսը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսին ներկայացված է Արամ Աբրահամյանի հավաքածուում տեղ գտած տասներեք թատերական էսքիզ: Ցուցադրվող ութ հեղինակները 19-րդ դարավերջի- 20-րդ դարասկզբի հայտնի ռուս նկարիչներ են՝  Ա.  Բենուա, Ն.  Բենուա, Ա. Գոլովին, Ն. Ռերիխ, Ս. Սուդեյկին, Ն. Սապունով, Վ.  Շուխաև, Վ.  Շուխաևա:  Գրաֆիկայի, բնանկարի, դիմանկարի և նատյուրմորտի վարպետները նաև թատրոնի տաղանդավոր նկարիչներ էին, որոնք թատերական և դեկորատիվ արվեստը նոր մակարդակի են բարձրացրել: Ցուցադրության գիտատեղեկատու հատվածում լայնորեն օգտագործվել են գրական նյութեր՝ գեղանկարիչների ինքնակենսագրական գրառումներից և օրագրերից:

Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի տրամադրած փաստավավերագրական նյութերն առավել խորն են բացահայտում վերը նշված դարաշրջանի  թատերարվեստը: 

Նշենք, որ «Գեղանկարչությունը բեմում» խորագրով ցուցահանդեսը բացվել է ապրիլի 16-ին և կգործի մինչև հունիսի 5-ը: