Իսրայելի Պաշտպանական ուժերը Գազայի հատվածի շուրջ իրավիճակի կտրուկ սրման պատճառով սկսում են 5000 պահեստային զինծառայողների զորակոչը: Այս մասին երեքշաբթի հաղորդել են Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Պաշտպանության նախարար Բենի Գանցը լիազորել է 5000 զինծառայողի մոբիլիզացնել տարբեր ստորաբաժանումների պահեստազորերից, այդ թվում՝ Հարավային շրջանի (դրա պատասխանատվության գոտին ներառում է Գազայի հատվածի հետ սահմանը) ուժերի ամրապնդման եւ թիկունքի կառավարման համար: Պահեստազորի զորակոչը թույլ կտա ակտիվացնել օպերատիվ գործունեությունը «Պատի պահապանները» [Գազայի հատվածի նկատմամբ] բանակային արշավի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ:

Երկուշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից  չեն դադարում Գազայի հատվածից արմատականների կողմից իսրայելական քաղաքների մասսայական հրթիռային գրոհումները, որոնք, իսրայելական լրատվամիջոցների գնահատմամբ, միայն մայիսի 11-ին ավելի քան 250 արկ են արձակել հրեական պետության ուղղությամբ: Ավելի վաղ բանակը հայտնել էր 200 հրթիռի մասին, որոնց մեծ մասը որսվել էր Իսրայելի կողմից: Իսրայելում հրթիռակոծության արդյունքում տասնյակ մարդիկ են վիրավորվել, հայտնում է իսրայելական պետական Kan ռադիոն:
Այս պահին արմատականները հրթիռակոծում են Աշկելոն եւ Աշդոդ խոշոր քաղաքները, Թել Ավիվից հարավ ընկած հատվածում լսվում են արկերի արձակման ձայները: