Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մ.Չավուշօղլուի հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել պաղեստինա-իսրայելական հարաբերությունների սրման եւ լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ Արեւելյան Երուսաղեմում, առաջին հերթին՝ Ալ-Աքսա մզկիթի համալիրի տարածքում:

Այս համատեքստում նախարարները դատապարտել են պաղեստինցիների վտարումն իրենց բնակության նախնական վայրից՝ Շեյխ Ջարահ թաղամասից, եւ միջինարեւելյան կարգավորման մասով Միջնորդների քառյակի հատուկ ներկայացուցիչների՝2021 թվականի մայիսի 8-իհամատեղ հայտարարության ոգով հակամարտության բոլոր կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել եւ գործողություններ թույլ չտալ, որոնք իրավիճակի հետագա սրմամբ են սպառնում Ռամադան մահմեդական սուրբ ամսվա ընթացքում:

Երկու երկրների նախագահների պայմանավորվածության համաձայն՝ Սերգեյ Լավրովը եւ Մ. Չավուշօղլուն քննարկել են Ռուսաստանից Թուրքիա կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարման կազմակերպման, ինչպես նաեւ դրա արտադրությունն այնտեղ հիմնելու հեռանկարները:

Բացի այդ, նշվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացմանն ուղղված շարունակական ջանքերի կարեւորությունը: