ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻԳՀԳ) մտահոգություն է հայտնել Պաղեստինի գրավյալ տարածքներում եւ Իսրայելում բռնությունների սրման կապակցությամբ եւ կոչ է արեց դադարեցնել այն: Ինչպես երեքշաբթի Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է այս գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը, ՄԻԳՀԳ-ն «դատապարտում է սադրանքները», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք խորապես մտահոգված ենք վերջին օրերին բռնության աճով պաղեստինյան օկուպացված տարածքներում, այդ թվում՝ Արեւելյան Երուսաղեմում եւ Իսրայելում,- ասել է նա:- Մենք դատապարտում ենք այդ բռնությունը եւ բռնության ցանկացած դրդում, ինչպես նաեւ՝ էթնիկական պառակտումներն եւ սադրանքները»:

Քոլվիլը, վկայակոչելով պաղեստինյան Կարմիր մահիկի տվյալները, ասել է, որ մայիսի 7-ից 10-մ ընկած ժամանակահատվածում 915 պաղեստինցի է վիրավորվել Արեւելյան Երուսաղեմում, իսկ ավելի քան 200-ը՝ Արեւմտյան ափին: Նրանց մեծ մասը վիրավորվել է իսրայելական անվտանգության ուժերի գործողությունների արդյունքում: Մայիսի 10-ի դրությամբ ՄԻԵԴ-ը տեղեկություններ է ստացել նաեւ շուրջ 20 իսրայելցի, հիմնականում անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների վնասվածքների մասին:

Պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ «չպետք է ուժ կիրառվի նրանց նկատմամբ, ով խաղաղ կերպով իրացնում է իր իրավունքները», իսկ դրա անհամաչափ կամ անհարկի օգտագործումն արգելված է: Խոսելով  պաղեստինյան զինված խմբավորումների կողմից Իսրայելի դեմ հրթիռային հարձակումների մասին՝ Քոլվիլը նշել է, որ «Իսրայելի վրա արձակված հրթիռների նման անխնա զենքի օգտագործումը խստիվ արգելված է միջազգային մարդասիրական օրենսդրությամբ եւ պետք է անհապաղ դադարեցվի»: ՄԻԳՀԳ-ում հակառակորդ կողմերին կոչ են արել «հանդարտեցնել իրավիճակը եւ խուսափել հետագա բռնությունից»: