Գերմանիայում Facebook սոցցանցին արգելել են մշակել WhatsApp-ի օգտատերերի անձնական տվյալները, քանի որ կարգավորիչը հաղորդագրությունների փոխանակման հավելվածի օգտագործման նոր պայմանները անօրինական է համարել:

Որոշումն ընդունվել է Համբուրգում կարգավորիչ մարմնի սկսած հետաքննությունից հետո, երբ WhatsApp-ը օգտվողներից պահանջել է համաձայնել նոր պայմաններին կամ դադարեցնել ծառայության օգտագործումը, հայտնում է Reuters-ը:

«Այս որոշումը նպատակ ունի պաշտպանել միլիոնավոր օգտվողների իրավունքներն ու ազատությունները, ովքեր համաձայնում են օգտագործման պայմաններին ամբողջ Գերմանիայում»,- ասել է կարգավորչի ներկայացուցիչ Յոհաննես Կասպարը:

WhatsApp-ը հայտարարել է, որ Համբուրգի տվյալների պաշտպանության մարմնի գործողությունը հիմնված է դրա թարմացման նպատակի եւ հետեւանքների թյուրըմբռնման վրա, ուստի չունի իրավական հիմքեր: «Քանի որ Համբուրգի DPA-ի պնդումները սխալ են, այս հրամանը չի ազդի թարմացման հետագա տարածման վրա: Մենք լիովին հավատարիմ ենք բոլորի համար անվտանգ եւ մասնավոր հաղորդակցություն ապահովելու գործին»,- հայտարարել է WhatsApp-ի ներկայացուցիչը:

2018 թվականից համացանցում գաղտնիությունը կարգավորվում է Եվրոպական Միության մի շարք կանոններով, որոնք կոչվում են «Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգ» (GDPR): Ըստ GDPR-ի՝ Իռլանդիան գլխավորում է Facebook-ի վերահսկողությունը, քանի որ այնտեղ է գտնվում ընկերության եվրոպական գլխավոր գրասենյակը:

Կասպարն ասել է, որ իր լիազորություններն օգտագործել է Facebook-ի WhatsApp հավելվածի օգտատերերի տվյալների հավաքագրման եռամսյա արգելք կիրառելու համար՝ GDPR-ի կողմից նախատեսված լիազորությունների շրջանակում: