Իսրայելի հակամենաշնորհային վարչությունը դիտարկում է Facebook-ին եւ նրա իսրայելական ստորաբաժանմանը մոտ 6 միլիոն շեկելի (1,8 միլիոն դոլար) տուգանելու հնարավորությունը՝ առանց իր համաձայնության երկու իսրայելական ընկերություններ գնելու համար, հաղորդում է Reuters-ը:

Իշխանությունները հայտարարել են, որ էլեկտրոնային նամակ են ուղարկել Facebook-ին այն բանից հետո, երբ պարզել են, որ սոցիալական ցանցերի հսկան առանց թույլտվության եւ Տնտեսական մրցակցության մասին Իսրայելի օրենքը խախտելով գնել է իսրայելական երկու ընկերություն՝ RedKix Inc-ը՝ 2018-ին, եւ Service Friend Ltd-ն՝ 2019-ին:

«Facebook-ը պարտավոր էր հաղորդել գործադիր տնօրենի համաձայնությունը պահանջող գործարքների մասին, քանի որ Facebook-ը «մոնոպոլիստ է, որի շուկայական մասնաբաժինը Իսրայելում գերազանցում է 50%-ը»,- հայտարարել է գերատեսչությունը:

Օրենքի համաձայն, կազմակերպությունը, որը ցանկացած համապատասխան շուկայում տիրապետում է 50%-ին եւ ավելիին, նախքան իրենից «ընկերությունների միաձուլում» ներկայացնող որեւէ գործարք կնքելը պետք է ստանա գլխավոր գործադիր տնօրենի համաձայնությունը:

Իշխանությունները հայտնել են, որ Facebook-ը, Instagram-ի հետ միասին, Իսրայելում սոցիալական ցանցերի շուկայում մենաշնորհային է համարվում:

Facebook Israel-ը հերքում է ցանկացած իրավախախտում եւ նշում է, որ լիովին համագործակցում է հակամենաշնորհային մարմնի հետաքննության հետ: