Իտալիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ կոշտ բանտային ռեժիմը մաֆիոզիների համար, որոնք հրաժարվում են համագործակցել իրավապահների հետ, խախտում է սահմանադրությունը՝ կոչ անելով խորհրդարանին փոփոխություններ կատարել օրենքում մեկ տարվա ընթացքում, հաղորդում է Reuters-ը:

Իտալիայում մարդիկ, որոնք դատապարվել են ցմահ ազատազրկման հանցագործությունների համար, որոնք կապված են մաֆիայի հետ, լավ վարք դրսեւորելու դեպքում պայմանական վաղաժամկետ ազատման կամ այլ մեղմացման իրավունք չունեն, եթե միայն նրանք չեն տրամադրում տեղեկատվություն, որը կարող է օգնել իշխանություններին հետաքննություններում:

Նշվում է, որ այդ կանոնն ունի որոշիչ նշանակություն մաֆիոզիներին համոզելու համար, որ  տեղեկատվություն տրամադրեն, սակայն ՍԴ-ի որոշման մեջ ասված է, որ այն կարող է անընդունելի երկընտրանք լինել դատապարտյալների համար, որը կվտանգի նրանց ընտանիքները:

Դատարանի հայտարարության մեջ ասված է, որ հանցագործները կարող են բախվել «ողբերգական ընտրության հետ» իրենց ազատության համար համագործակցելու եւ ազատության հնարավորությունից հրաժարվելու միջեւ. առաջին դեպքում ընտրությունը կարող է վտանգի ենթարկել նրանց մտերիմներին, երկրորդ դեպքում՝ պաշտպանել նրանց: «Պարտադիր չէ, որ համագործակցությունը լինի վստահության արժանի զղջման նախանշան»,-հավելել է դատարանը:

ՍԴ դատավորները դիմել են խորհրդարանին՝ խնդրելով փոփոխություններ կատարել օրենքում մինչեւ 2022 թվականի մայիս: Եթե դա տեղի չունենա, դատարանը կարող է կիրառել իր լայն լիազորությունները օրենսդրության մեջ անմիջականորեն փոփոխություններ մտցնելու համար: