Կան ջերմոցային տնտեսություններ, որոնք չեն կարողանում մարել գազի վճարման համար վերցրած երեք տարվա վաղեմության պարտքերը: Այս մասին մայիսի 11-ին NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտնեց «Ջերմոցային ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը:

Անցյալ տարի կորոնավիրուսի պատճառով, ինչպես հիշում է փորձագետը, երկրում սննդի օբյեկտները գործնականում չէին աշխատում, առեւտուր չկար, եւ վերոնշյալ գյուղացիական տնտեսությունները է՛լ ավելի տուժեցին:

Այժմ ճգնաժամը շարունակվում է բնակչության ցածր գնողունակության պատճառով: «Ես կողմ եմ գյուղատնտեսության նախարարության բացմանը, սակայն կարեւոր է, որ այն լինի կոմպակտ վարչություն, եւ աշխատակիցները ակտիվորեն աշխատեն բնակչության հետ մարզերում, այլ ոչ թե պարզապես նստեն գրասենյակներում: Տնտեսություններին անհրաժեշտ է օգնել ողջ ցիկլի ընթացքում՝ սկսած արտադրությունից մինչեւ արտադրանքի իրացում:

Արտադրողներին պարզապես վարկեր տալը չի լուծում բոլոր խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում են փոքր գյուղացիական տնտեսություններին (մինչեւ 0,5 հա): Վերջիններս չեն կարող գոյատեւել, հատկապես գազի նման սակագների պայմաններում»,- նշեց Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ անցած 2020 թվականի հունիսին Հայաստանում ջերմոցային տնտեսությունների, պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրողների համար գազի սակագները հազար խորանարդ մետրի դիմաց 212 դոլարից բարձրացան 224 դոլարի: