Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր՝ մայիսի 11–ին, հանդիպել են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանի հետ, որը զբաղվում է շիրակցի գերիների հարցով։

«Քննարկումն այն մասին էր, որ անհետ կորածների հարազատներն իրենց միջոցներով պարզել են, որ իրենց երեխաները գերեվարված են, բայց նրանք  հաստատված չեն Ադրբեջանի կողմից։ Ծնողները դժգոհ էին պետական մարմինների աշխատանքից եւ ստիպված դիմել են ինձ, որ ես կարողանամ նրանց աջակցել նրանց իմ հնարավորությունների սահմանում՝ Ռուսաստանի միջոցով։ Ես նրանց խոստացել եմ, որ կփորձեմ ճշտել այն տեղեկությունները, որոնք նրանք ինձ են փոխանցել։ Ես նախկինում զբաղվել եմ շիրակցի գերիների  հարցով, եւ այս մասին ես տեղեկություններ չունեմ»,– ասաց Բորիս Ավագյանը, վստահեցնելով՝ «իր ունեցած կապերից իշխանությունները չունեն»։ 

Հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում, հոկտեմբերի 7–ից իր որդու մասին լուր չունեցող Հարություն Հարությունյանն ասաց, որ կասկածներ ունի,  թե իր որդին գերի է ընկել։

«Մինչեւ էսօր սպասում եմ, ոչ մի պետական մարմին չի զանգել, չի հարցրել, տեղեկություն չի տվել։ Չգիտեմ՝ արդեն ումից ակնկալիք ունենամ, բայց կարող եմ ասել, որ ծնողներիս հույսը մնացել ենք մենք։ Մենք ենք աշխատում, մենք ենք ստիպում աշխատել, ոչ մի քաղաքական, իշխանական ուժ այսքան ժամանակ մեզ օգնություն չի ցուցաբերել».– ասաց Հարությունյանը։

Էդիկ Արեւշատյանն էլ, որը եղբոր որդու մասին 7 ամսից ավելի լուր չունի՝ հայտարարեց, թե Կառավարությունից այլեւս հույսը կտրել է։ Նա ասաց, որ ստույգ տեղեկություններ ունի, որ իր  հարազատը գերի է։