Արեւմտյան Վիրջինիայի հիվանդանոցներից մեկում ինսուլինի ներարկումներով յոթ տարեց տղամարդու սպանած նախկին բուժքույրը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Ռեթա Մեյսը հոգեկան խնդիրներ ուներ եւ չէր բացատրել, թե ինչու է սպանել այդ տղամարդկանց: Դատավոր Թոմաս Քլեյեն հայտարարել է, որ նա գիտեր, թե ինչ է անում, եւ դատապարտել է նրան ցմահ ազատազրկման, ինչը նշանակում է, որ կինը, ամենայն հավանականությամբ, կմահանա բանտում:

46-ամյա Մեյսն անցյալ տարի իրեն մեղավոր էր ճանաչել երկրորդ աստիճանի սպանության յոթ կետերով, փոխանցում է AP-ն:
2017-ին եւ 2018-ին հիվանդանոցում նրա գիշերային հերթափոխի ընթացքում մահվան դեպքերն աճել էին: Մեյսն ինտերնետում տեղեկատվություն էր որոնել կին սերիական մարդասպանների վերաբերյալ եւ դիտում էր Netflix-ի «Բուժքույրերը, ովքեր սպանում են» սերիալը: Դատավորի խոսքով՝ կինը բազմիցս հերքել է իր մասնակցությունը՝ երեք անգամ քննիչներին ասելով, որ ոչինչ չգիտի հանցագործությունների մասին:

«Ձեր փաստաբանները մի քանի անգամ ընդգծել են, որ ձեզ պետք չէ հրեշ համարել»,- ասել է դատավորը: «Ամենայն հարգանքով՝ ես համաձայն չեմ դրա հետ: Դուք նրանցից ամենավատն եք: Դուք հրեշ եք, որին ոչ ոք չի տեսնում»: