Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների միջեւ լարվածությունն ամենամեծ վտանգն է դաշինքի համախմբվածության համար: Այս մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանագիոտոպուլոսը, գրում է The National-ը:

Նրա խոսքով՝ Հունաստանը չի ձգտում մեկուսացնել Թուրքիային մի շարք նախաձեռնություններից, որոնք նա համաձայնեցրել է երկրների հետ՝ տարածաշրջանային կայունությանը խթանելու համար: Սակայն Անկարան պետք է հետեւի միջազգային իրավունքին եւ հրաժարվի իր՝ հաճախ սադրիչ հռետորաբանությունից:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների, Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց այդ էլ փչացած հարաբերությունները կտրուկ վատթարացել էին անցյալ տարի` ծովային տարածքի եւ Արեւելյան Միջերկրական ծովում գազի պաշարների հասանելիության շուրջ տարաձայնությունների ֆոնին:

«ՆԱՏՕ-ի ներքին համախմբման հիմնական սպառնալիքը գալիս է Թուրքիայի եւ այլ դաշնակիցների միջեւ առկա լարվածությունից: Ես չէի ցանկանա դրանում միայն Հունաստանին ներառել»,- ասել է Պանագիոտոպուլոսը:

Նա անդրադարձել էր անցյալ ամռան լարված իրավիճակին, երբ Ֆրանսիան ժամանակավորապես դադարեցրել էր աջակցությունը Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի առաքելությանը այն բանից հետո, երբ ֆրանսիական սուզանավը վտանգավոր աստիճանի մոտեցել էր թուրքական նավերին:

Չնայած Հունաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ դրանից հետո Թուրքիայի հետ իրավիճակը բարելավվել է, 2020-ի լարվածությունն «ի վերջո ծառայում է ՆԱՏՕ-ի համախմբման ապակայունացմանը»: «Բայց ես հավատում եմ, որ ՆԱՏՕ-ում, հատկապես՝ դրա հարավ-արեւելյան կողմում, կայունությունն ու համաձայնեցումը պահպանելու համար մենք պետք է համոզվենք, որ այդպիսի լարվածությունը չի կրկնվելու,- ասել է նա:- Սա ՆԱՏՕ-յում եւ Եվրոպայում մեր բոլոր ընկերների եւ դաշնակիցների ընդհանուր կարծիքն է»:

Ըստ նրա՝ Հունաստանը ցանկանում է, որպեսզի Թուրքիան լավ հարեւան լինի: «Մենք կցանկանայինք, որպեսզի Թուրքիան, ես չեմ ուզում, որ ինձ սխալ հասկանան,  (համագործակցության) սխեմաների մասնակից դառնա: Բայց դրա համար Թուրքիան պետք է հետեւի կանոններին»,- ասել է նա:

«Ես հասկանում եմ, որ Թուրքիան ներքին խնդիրների է բախվել՝ տնտեսական, քաղաքական խնդիրների, որոնք նախագահ Էրդողանին ստիպել են միանալ ավելի կոշտ ազգայնական տարրերին: Բայց տարածաշրջանում անվտանգությունն ապահովող հուսալի խաղացող լինելու համար առաջին հերթին հարկավոր է հետեւել միջազգային իրավունքի նորմերին»: