«ՀԱՄԱՍ»-ը նոր, մինչ այժմ չօգտագործված պրակտիկա է կիրառել, ինչը որոշակի անակնկալ էր Իսրայելի պաշտպանության բանակի համար: Այդպես են փորձագետները գնահատում մարտավարությունը, որի էությունը հրթիռների արձակումը որոշակի տարածքի ուղղությամբ կենտրոնացնելն է, հայտնում է իսրայելական «9-րդ ալիք»-ը: 

Երեկ հենց այդպես էր գնդակոծվել Աշկելոնը, երբ հինգ րոպեի ընթացքում 137 արկ էր արձակվել քաղաքի ուղղությամբ: Հրթիռների կենտրոնացումը խանգարում է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքին. տեխնիկան պարզապես չի ընկալում այդքան մեծ քանակությամբ տեղեկատվությունը: «ՀԱՄԱՍ»-ը նման տեխնիկա էր կիրառել անցած գիշեր՝ բարձր խտությամբ զանգվածային ռմբակոծության ենթարկելով Թել Ավիվը:

Վերլուծաբանները ենթադրում են, որ Իսրայելը ստիպված կլինի շտապ հարմարվել նոր ահաբեկչական մարտավարությանը: Ամենայն հավանականությամբ, Իսրայելի Պաշտպանության ուժերը կպատասխանեն գնդակոծության կենտրոնացմանը՝ մի շարք ուղղություններով հակաօդային պաշտպանության համակարգեր կենտրոնացնելով, ինչը, իր հերթին, կարող է «ճեղքեր» ստեղծել այլ ուղղություններում:

«ՀԱՄԱՍ»-ի եւ «Իսլամական ջիհադ»-ի ահաբեկիչներն ակնհայտորեն ժամանակ չեն կորցրել եւ լավ պատրաստվել են իրավիճակի նոր սրմանը: Դիտորդների կարծիքով՝ դա որոշակիորեն տհաճ անակնկալ է դարձել Իսրայելի համար:

Պատերազմի երեք օրվա ընթացքում 850 հրթիռ է արձակվել հրեական պետության ուղղությամբ: