Վերջնական որոշել եմ, որ այս փուլում չեմ մասնակցելու ընտրություններին, իսկ հետագայում քաղաքականության մեջ լինել-չլինելու դուռը չեմ փակել: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Ընտրություններից հետո կհասկանամ, թե ով կլինի իշխանության, ինչպիսի գործունեություն կծավալի, ինչպես կծավալի, արդյոք այսօրվա քարոզարշավի հետեւանքը կլինի նախընտրական ծրագրերի կատարումը, թե՞  ինչպես 2018-ին եղավ, շատ գեղեցիկ կառուցողական մոտեցումներ ներկայացվեցին, որոնք հետագայում անտեսվեցին: Դրա համար սպասելու եմ եւ հասկանամ, թե ինչ է տեղի ունենալու, որքանով իրենց առջեւ դրված սկզբունքներին տեր կկանգնեն, որքաոնվ կխաբեն, ինչպես խաբեցին 2 տարի»,-ասաց նա:

Սոֆյա Հովսեփյանը նկատեց, որ այս երկու տարվա ընթացքում ինքը միշտ էլ թիրախվորված է եղել, ինչը թաքցնել հնարավոր չէ. «Եղել են հարցեր, որոնք ստվերել հնարավոր չի: Դրանք Ստամբուլյան կոնվենցիայի, Ամուլսարի, կրթական չափորոշիչների հետ կապված հարցերն էին: Տարբեր հարցերի հետ կապված մշտապես թիրախում եմ եղել, չեմ զարմանում դրանից: Ընդհակառակը, թիրախավորելով, բարոյական ու հոգեբանական ճնշումների ենթարկելով ցույց են տալիս այն սկզբունքների արժեզրկումը, որոնցով իրենք իբր աչքի են ընկնում»: