Մենք ամիսներ շարունակ բարձրաձայնում էինք Սեւ լճի խնդիրրը, մեկնաբանում էին, որ անբարենպաստ պայմաններ են եւ ամիսներ շարունակ չեն կարողացել համապատասխան տեխնիկայի հարց լուծել, որպեսզի մերոնք այնտեղ խրամատավորվեին, եւ ճիշտ դիրքերը կառուցեն, որ այսօրվա այդ խնդիրը  չունենայինք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն՝ անդրադառնալով Սեւ լճի տարածքում թշնամու՝ մի քանի կիլոմետր առաջխաղացմանը։

«Խնդիրն այն է, որ GPS-ով գծված տարածքից թուրքն առաջ է շարժվել։ Կոնկրետ Սեւ լճի հատվածում անցել է պետական սահմանը՝ առաջ գալով 3-4  կիլոմետր։ Այս պահին բանակցություններ են ընթանում։ Մի քիչ կասկածում եմ, որ թուրքին մենք կարողանանք հետ շպրտել, բայց հնարավոր է, որ հասկացնենք, թե իրենց տեղը որն է։ Բայց եթե ժամանակին հետեւողական լինեին, այսօր այս խնդիրը չէր լինի։ Միայն ամբիոններից խոսելով չէ, պետք է հստակ գործ արվի, իսկ գործը թողած ամեն մեկն իր PR-ով է զբաղված, գլուխ գովելով ման են գալիս, թե անվտանգ է»,– ընդգծեց Հովսեփյանը։

 Գորիսի փոխքաղաքապետը հավելեց նաեւ, թե ինքը տեղեկություն չունի՝ մարտեր ընթանալու մասին, ինչպես նաեւ,  որ հայկական կողմը մեկ վիրավոր ունի։

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ հայկական կողմը մեկ վիրավոր ունի։

Ավելի վաղ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ  հակառակորդը Սեւ լճի տարածքում առաջ է եկել եւ փորձ է կատարում տեղակայվելու։

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

«Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,– ասվում էր ՊՆ հայտարարության մեջ։