Եվրամիությունը պետք է ընդունի, որ անդամակցությանը հավակնող բալկանյան երկրները կորցնում են հավատը Բրյուսելի ռազմավարության նկատմամբ, ինչը խորանում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման ձախողման պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ ներքին փաստաթղթին:

Եվրոպան եւ ԱՄՆ-ը հայտարարում են, որ Ալբանիան, Բոսնիան, Կոսովոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Սերբիան մի օր ԵՄ անդամ կդառնան:

«Մենք պետք է ընդունենք, որ չնայած ԵՄ-ին ինտեգրվելու հարցում անսասան հանձնառությանը, տարածաշրջանի բնակիչները խորը հիասթափություն են ապրում ընդլայնման գործընթացից»,- ասվում է ԵՄ պաշտոնյաների մայիսի 5-ի փաստաթղթում, որն ուղարկվել է ԵՄ 27 արտաքին գործերի նախարարություններին:

«ԵՄ-ին COVID-19-ի դեմ պատվաստանյութի ուշացած առաքման ընկալումը ավելի է մեծացրել հիասթափությունը»,- ասվում է փաստաթղթում:

Տարիներ շարունակ ԵՄ-ի կողմից տարածաշրջանի անտեսումից հետո Խորվաթիան 2020-ի մայիսին անցկացրեց ԵՄ գագաթաժողով, որպեսզի նոր ազդակ հաղորդի բալկանյան ինտեգրմանը: Հյուսիսային Մակեդոնիան եւ Ալբանիան անդամակցության բանակցությունները պետք է անցյալ տարվա վերջին սկսեին:

Բայց Բուլղարիան հրաժարվում է թույլ տալ, որ Հյուսիսային Մակեդոնիան առաջ շարժվի՝ վկայակոչելով լեզվամշակութային վեճերը:

Ֆրանսիան 2019-ին թերահավատորեն հետաձգել է լսումները՝ ժողովրդավարության եւ հակակոռուպցիոն ջանքերի ուղղությամբ Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի ջանքերի հարցով:

Եվրահանձնաժողովը պնդում է, որ Ալբանիան եւ Հյուսիսային Մակեդոնիան միասին առաջ գնան: Բայց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխեինի առաջարկը, որ միայն Ալբանիան պետք է սկսի անդամակցության բանակցությունները, ավելի է խորացրել խառնաշփոթը, ասում են ԵՄ դիվանագետները:

ԵՄ նախարարները չկարողացան դուրս գալ փակուղուց Բրյուսելում կայացած իրենց հանդիպմանը:

Դանդաղել են նաեւ անդամակցության բանակցությունները Սերբիայի եւ Չեռնոգորիայի հետ, որոնք, կարծում են, որ ամենաերկարն են անդամակցության գործընթացում, եւ Բոսնիան, եւ Կոսովոն դեռ պաշտոնապես չեն առաջադրվել որպես ԵՄ անդամակցության թեկնածուներ:

«Արեւմտյան Բալկաններում տարածված կարծիք կա, որ անդամակցության հեռանկարը նվազում է, եւ եվրոպական ոգեշնչումը կորչում է պայմանների եւ ընթացակարգերի բարդ շարքից»,- ասված է ներքին զեկույցում:

ԵՄ-ն 650 000 չափաբաժին արեւմտյան պատվաստանյութեր է ուղարկել բալկանյան վեց երկրներ, բայց միայն այն բանից հետո, երբ Չինաստանը եւ Ռուսաստանը իրենց միլիոնավոր դոզաներն են մատակարարել տարածաշրջանին: