Իսրայելը չի դադարեցնի կրակը, քանի դեռ չի հասել «լիակատար լռության»: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը «կշարունակեն գրոհել ահաբեկչական թիրախներն այնքան ժամանակ, քանի դեռ չի երաշխավորվել լռությունը՝ լիակատար ու երկարատեւ»: «Միայն այն ժամանակ, երբ հասնենք այս նպատակին, հնարավոր կլինի խոսել հրադադարի մասին»,- հայտնում է իսրայելական «9-րդ ալիքը»:

«Ներկայումս հակաահաբեկչական գործողության ավարտի ամսաթիվ չկա, եւ մենք ոչ մի կազմակերպությունից «չենք ընդունի «բարոյականության» մասին քարոզներ այն ամենի համար, ինչը վերաբերում է մեր քաղաքացիներին պաշտպանելու իրավունքին եւ պարտավորությանը»,- ընդգծել է նախարարը՝ նկատի ունենալով ահաբեկչությունների հետ կապված զսպվածություն ցուցաբերելու ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կառույցների կոչերը:

Այսօր հայտնի է դարձել, որ Իսրայելը հրաժարվել է ընդունել զինադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը, որը նա փոխանցել է միջազգային կազմակերպությունների միջոցով:

Մինեւնույն ժամանակ շարունակվում են երկրի սահմանամերձ շրջանների գնդակոծությունները: Գազայի հատվածից արձակված հրթիռներից մեկը հարվածել է Հոֆ Աշկելոնի շրջխորհրդի մթերային խանութին: Խանութում ոչ ոք չի եղել, ուստի ոչ ոք չի տուժել, շենքը ավերվել է: