Իսրայելի եւ «ՀԱՄԱՍ»-ի միջեւ նոր սրման հարցում չի կարելի բացառել Թուրքիայի գործոնը: Այս մասին մայիսի 12-ին «Թեժ Մերձավոր Արեւելք. վտանգ Հարավային Կովկասի համար» թեմայով քննարկման ժամանակ ասաց արաբագետ Արաքս Փաշայանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին, հատկապես՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության գալուց հետո, Թուրքիայի քաղաքականությունը Պաղեստինի նկատմամբ էապես փոխվել է: «Այն ավելի պաղեստինամետ է դարձել: Թուրքիան, հատկապես՝ վերջին տարիներին, դարձել է մի երկիր, որը շատ կոշտ քննադատություններով եւ գնահատականներով հանդես գալիս Իսրայելի հասցեին: Անկարան Իսրայելի գործողությունները որպես ահաբեկչություն  է որակում»,- ասաց Փաշայանը:

Փորձագետը Թուրքիայի քաղաքականությունը պոպուլիստական անվանեց, քանի որ այն փորձում է օգտվել նոր սրացումից՝ իսլամական աշխարհում իր հեղինակությունը բարձրացնելու համար: Հենց այդ պատճառով է, ըստ արաբագետի, Անկարան քննադատում Իսրայելին: