Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը չորեքշաբթի օրը հեռախոսազրույցներ է ունեցել Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի եւ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ, որի ընթացքում նա քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը եւ իրավիճակն ամբողջ տարածաշրջանում: Այս մասին հայտնում է WAFA գործակալությունը՝ հղում կատարելով Աբբասի գրասենյակին:

Զրույցի ընթացքում Պաղեստինի պետության ղեկավարը եւ Հորդանանի թագավորը «քննարկել են [Իսրայելի] օկուպացիոն ուժերի հանցավոր եւ ագրեսիվ գործողությունները ընդդեմ Ալ-Աքսա մզկիթի համար աղոթողների»: Բացի այդ, կողմերը քննարկել են «Իսրայելի կողմից վտանգավոր սրումը եւ Գազայի հատվածի վրա նրա հարձակումը»: Երկու առաջնորդներն էլ պայմանավորվել են «շարունակել խորհրդակցությունները եւ համակարգել ջանքերը Պաղեստինի ժողովրդի դեմ իսրայելական ագրեսիային հակազդելու համար», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, Իրաքի նախագահը Աբբասի հետ զրույցում «հաստատել է իր ժողովրդի կողմից պաղեստինցիներին ու նրանց օրինական իրավունքներին աջակցությունը»: Ի պատասխան՝ Պաղեստինի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Սալեհին պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում Բաղդադի դիրքորոշման համար: