Հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո մամուլի համատեղ հայտարարության ժամանակ նշել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

ՆՄիկոլ Փաշինյանի խոսքը ներկայացնում են ստորև.

«Մեծարգո պարոն Ղարիբաշվիլի, սիրելի Իրակլի, պատվիրակության հարգելի անդամներ, ուրախ եմ ձեզ ողջունել և հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում:

Ինձ համար մշտապես մեծ պատիվ և հաճույք է հանդիպել Վրաստանի կառավարության ղեկավարի հետ և բարեկամական մթնոլորտում քննարկել մեր երկու երկրների միջև համագործակցության օրակարգը:

Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։

Մեր երկու ժողովուրդները միահյուսված են բազմաթիվ թելերով: Մեր դարավոր բարեկամությունը, ինչպես նաև ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքները կազմում են այն ամուր հենքը, որի վրա խարսխված է մեր երկու պետությունների գործընկերությունը:

Վրաստանի հայ համայնքը, որը բազմադարյա պատմություն ունի, հանդիսանում է այն կամուրջը, որն էլ ավելի ամուր է կապում մեր երկու երկրները: Մենք ունենք դինամիկ զարգացող համագործակցության լայն օրակարգ: Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ:

Այսօր պարոն Ղարիբաշվիլիի հետ մենք հնարավորություն ունեցանք շարունակել Վրաստանի կառավարության հետ հաստատված կառուցողական երկխոսությունը:

Մենք անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի և տնտեսության այլ կարևոր ոլորտներում համագործակցության ընթացիկ վիճակին և զարգացման հեռանկարներին: Որոշեցինք մեր հարաբերություններում այսուհետ էլ ավելի մեծ շեշտադրում կատարել առևտրի և տնտեսական կապերի զարգացման վրա: Մեր կողմից, մասնավորապես, նշվեց տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների առավել արդյունավետ օգտագործման և տարանցման ներուժի զարգացման կարևորությունը: Ընդգծվեց երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժն ու դրա օգտագործման անհրաժեշտությունը:

Ինչպես միշտ, քննարկվեցին նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հարցեր:

Մտքեր փոխանակեցինք մեր երկրներում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ:

Իմ վրացի գործընկերոջ հետ անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին:

Մեզ համար աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է։

Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ես համոզմունք հայտնեցի, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգովորումը ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակում և նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա: Ես նաև վստահություն հայտնեցի, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը։ Այս առումով կարևորեցի միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումը։

Ավարտելով խոսքս՝ վերստին ցանկանում եմ ողջունել մեր բարեկամներին և սիրով խոսքը փոխանցում իմ գործընկերոջը: