Սահմանային միջադեպերի հետ կապված ապատեղեկատվության տարածումը կանխելու համար պետական մարմինները պետք է ճշգրիտ, հստակ տեղեկություններ տարածեն, մինչդեռ Սյունիքի այսօրվա դեպքի հետ կապված հակասություններ էին առկա անգամ  պետական աղբյուրներից եկող տեղեկությունների միջև։  Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Սյունիքում այսօր տեղի ունեցած սահմանային միջադեպին և դրա արդյունքում հանրության շրջանում տարածված խուճապային տրամադրություններին։

«Վաղ առավոտից հետևում ենք Սյունիքում տեղի ունեցող գործընթացներին. բոլոր հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են։ Ես առավոտյան անմիջապես խոսել եմ առաջին բանակային կորպուսի հրամանատարի, այնուհետև նաև Գորիս, Կապան, Տեղ և Սյունիքի սահմանամերձ այլ համայնքների ՏԻՄ ղեկավարների հետ։ Բացի այդ, մեզ հետ կապի մեջ են նաև մեր քաղաքացիները, որոնցից նույնպես մենք տեղեկություններ ենք ստանում։ Իհարկե, հետևում ենք նաև, թե ինչ է կատարվում լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում։ Ցավոք, մենք տեսանք նաև որոշակի՝ խուճապ առաջացնող ապատեղեկատվություն, որի տարածումն այս պարագայում սխալ է։ Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ խնդիրներ կան պետության կողմից տեղեկատվական քաղաքականություն վարելու առումով։ Մասնավորապես, տեսնում ենք հակասություններ անգամ պետական աղբյուրներից եկող տեղեկությունների միջև։  Նախ, ես կարծում եմ՝ պետական մարմինների արձագանքը ուշացավ, սահմանների հետ կապված վիճակը հասկանալիորեն շատ զգայուն հարց է, որովհետև անվտանգությանն է առնչվում, մեր երկրին է առնչվում, և մեր հանրությունը լիիրավ լեգիտիմ իրավունք ունի տեղեկանալու՝ ինչ է կատարվում, ընդ որում՝ ճշգրիտ, ամբողջական տեղեկություններ պետք է ստանա։ Հարցը զգայուն է, հանրային մեծ հետաքրքրություն ունի, հասկանալիորեն դաշտը կարող է հեշտությամբ լցվել ապատեղեկատվությամբ»,–ասաց Արման Թաթոյանը։

Պաշտպանի համոզմամբ՝ այս ոլորտում չի կարելի թույլ տալ ապատեղեկատվության տարածում, իսկ իրավիճակը կառավարելու և կեղծ լուրերի տարածումը կանխելու համար պետական մարմինները պետք է ճշգրիտ, հստակ տեղեկություններ տարածեն։ Ըստ նրա՝ պետք է միասնական տեղեկատվության քաղաքականություն վարվի։

 

«Սա այն հարցն է, որը հնարավոր չէ փակել կամ քիչ ինֆորմացիա տալ, որովհետև սրանք սահմանին տեղի ունեցող իրադարձություններ են։ Այնտեղ մարդիկ են ապրում, ովքեր իրականում տեսնում են՝ ինչ է տեղի ունենում։ Սա այն դեպքը չէ, որ ուշ արձագանքը կարող է հարցին չվնասել։ Մենք տեսանք նաև ապատեղեկատվություն՝ սահմանի մյուս հատվածների հետ կապված, թե իբր մարտեր են ընթանում, տարհանում է իրականացվում և այլն։ Ճիշտ է, սրանք պաշտոնապես հերքվեցին, սակայն բավականին ուշացումով»,–նկատեց պաշտպանը։

Հարցին, թե այս և սրան նախորդած միջադեպերը հիմք ունե՞ն ենթադրելու, որ Սյունիքում սահմանային իրավիճակը սրման միտում ունի, Արման Թաթոյանն արձագանքեց։

«Ադրբեջանական ներկայությունն այդ վայրերում լրիվ ապօրինի է, նրանց ներկայությունն այդտեղ իրավական որևէ հիմք չունի։ Զինված գործողութունների ավարտից սկսած, հայտնվելով Սյունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ՝ ադրբեջանական զինված ուժերը մշտապես փորձել են իրականացնել այդ սադրանքները։ Հիշենք հայ հովվի նկատմամբ հարձակումը, քարերով հայկական մեքենային հարվածելու միջադեպը, ադրբեջանական սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից ճանապարհներին պարբերական կրակոցներ արձակելը, որը հիմա էլ ժամանակ առ ժամանակ արձանագրվում է։ Դա նույնպես պետք է դիտարկել նրանց սադրիչ գործողությունների համատեքստում։ Նրանք նաև անում են քայլեր, որոնք բացահայտ ահաբեկող բնույթի են, նրանք մտածված գնում են դրան։ Նպատակն է հոգեբանական ճնշում իրականացնել, և որքան հասարկությունում խառնվում է վիճակը, այնքան իրենց ձեռնտու է, ակնհայտ է, որ սա իրենց քաղաքական գիծն է»,–հայտարարեց նա։

Սյունիքում անվտանգության գոտու ստեղծման հայեցակարգի, ընտրություններից առաջ հասարակության բևեռացման, այդ համատեքստում օր օրի սրացող ատելության խոսքի, դրա դեմ պայքարի, քաղաքականություն մտնելու վերաբերյալ առաջարկների և հանրությանը հուզող այլ հարցերի վերաբերյալ Արման Թաթոյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ NEWS.am–ի տեսանյութում։